Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հավասարվեց «Փյունիկին»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով' «Միկան» հավասարվեց առաջատար «Փյունիկին»:

«Շիրակի» հետ մրցավեճում 2 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի  հարձակվող Արա Հակոբյանը, որը ժամանակին «Բանանցի» կազմում բավական արդյունավետ խաղ էր ցուցադրում:

Առաջնության մեկնարկային 2 տուրերից եւ գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներից հետո մոտավորապես պարզ դարձավ, թե այս տարի որ թիմերը կարող են պայքարել բարձր արդյունքների համար: Չեմպիոնի գլխավոր հավակնորդը կրկին լինելու է «Փյունիկը», որի հետ առաջին տեղի համար լուրջ պայքար է մղելու «Միկան»: Այս 2 ակումբների հաջող մեկնարկը պատահական չէր, քանի որ նախապատրաստական շրջանում 2 թիմերն էլ մեծ թվով արտասահմանյան հավաքներ անցկացրեցին:

Հիասթափեցրեց «Արարատը», որը նախորդ առաջնությունում պայքարում էր չեմպիոնության համար, իսկ այս տարի դեռ միավոր չի վաստակել: «Արարատը» վաղուց այսպիսի անօգնական վիճակում չէր հայտնվել: Սպասելիքները առայժմ չի արդարացնում նաեւ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Գանձասարը», որը մրցաշրջանի մեկնարկից առաջ փորձարկեց մի շարք արտասահմանցիների, որոնց մի մասը մնացին կապանյան թիմում:

Առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ «Գանձասարում» սելեկցիոն աշխատանքները դարձյալ սխալ ուղղությամբ են ընթացել: 2008 թ. առաջնության մեկնարկում եւ «Գանձասարը» խիստ անհաջող հանդես եկավ, քանի որ թիմում ընդգրկված էին մի շարք ցածր կարգ ունեցող լեգեոներներ: