Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Արարատի" կործանումը շարունակում է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում Երեւանի "Արարատը" հերթական պարտությունը կրեց: Աշոտ Կիրակոսյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվեց նախորդ 2 առաջնությունների ետնապահ "Կիլիկիային":

2009 թ. "Արարատը" պարտվել է բոլոր պաշտոնական հանդիպումներում, ինչը ենթադրվում էր դեռեւս 2008 թ. դեկտեմբերին, երբ թիմից հեռացան մեծ թվով առաջատար խաղացողներ: Հայաստանի 2008 թ. գավաթակիրն եւ փոխչեմպիոնը 2-րդ տուրում կրած պարտությունից հետո 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Միավոր չի վաստակել նաեւ Կապանի "Գանձասարը", որը այսօր "Նաիրի" մարզադաշտում 0:1 հաշվով պարտվեց "Բանանցին": Վերջինիս կազմում հաղթական գնդակը խփեց Սամվել Մելքոնյանը: Հանդիպման ընթացքում "Գանձասարի" ավագ Արմեն Տատինցյանն ուժգին հարվածից հետո կորցրեց գիտակցությունը: Բարեբախտաբար շուտով ֆուտբոլիստն ուշքի եկավ:

Չեմպիոն "Փյունիկը" հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց "Ուլիսի" դարպասը: "Փյունիկի" կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը ընթացիկ մրցաշրջանում արդեն 3 գոլ է խփել: "Փյունիկի" կազմում եւս մեկ անգամ աչքի ընկավ Էդգար Մալաքյանը:

"Փյունիկը" 2-րդ անընդմեջ "չոր" հաշվով հաղթանակը տոնեց եւ ընթանում է առաջին հորիզոնականում:

Վաղը` ապրիլի 5-ին, կկայանա առաջնության 2-րդ տուրի վերջին հանդիպումը: "Միկան" սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի "Շիրակի" հետ: Հաղթանակի դեպքում տանտերերը կհավասարվեն առաջատար "Փյունիկին":