Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդական կազմով

Սպորտ

Վաղը Բուխարեստում տեղի կունենան ծանրամարտի Եվրոպայի 2009 թ. առաջնության բացման արարողությունը, իսկ ապրիլի 5-ից ծանրամարտիկները կսկսեն պայքարը մեդալների համար:

Ինչպես եւ նախորդ տարիներին' Եվրոպայի առաջնությունում հանդես եկան ոչ բոլոր ուժեղագույնները: Մի շարք ուժեղ ծանրորդներ նախընտրել են բաց թողնել Եվրոպայի առաջնությունը եւ նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մարտական կազմով չէ մեկնել Բուխարեստ նաեւ Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի նախորդ 2 առաջնություններում լավագույնն էր Եվրոպայում: Հայաստանի հավաքականի կազմից բացակայում են 2008 թ. օլիմպիական խաղերում բրոնզե մեդալներ նվաճած 69 կգ Տիգրան Մարտիրոսյանը, 77 Գեւորգ Դավթյանը եւ 85 կգ Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Առաջին 2-ը առողջական խնդիրների պատճառով են բացակայում, իսկ 3-րդ լավ մարզավիճակում չէ: Բացակայում է նաեւ 77 կգ քաշային Արա Խաչատրյանը, որը նախորդ 2 առաջնություններում արծաթե մեդալով էր վերադարձել: Արդեն հայտնել էին, որ Արան ոտքի վնասվածքից պատճառով մի քանի ամիս դուրս չի գա ասպարեզ:

Փոխարենը առաջին անգամ մեծահասակների հավաքականում ելույթ կունենան մի շարք երիտասարդ ծանրորդներ, որոնք վերջին տարիներին մեծ թվով մեդալներ են նվաճել աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական առաջնություններում: Առաջիկա Եվրոպայի առաջնությունը հստակ ցույց կտա, թե ինչի են ընդունակ երիտասարդները մեծահասակների պայքարում: Մասնավորապես սպասելիքները մեծ են գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանից: Աշոտ Դանիելյանից հետո այս քաշային կարգում Հայաստանը հաջողություն չի ունեցել, իսկ Ռուբենը կարող է խախտել ավանդույթը: Արարատցի ծանրորդը հիանալի է հանդես եկել երիտասարդների պայքարում եւ Հայաստանի 2009 թ. առաջնությունում:

69 կգ քաշայինների պայքարում ելույթ կունենան Գեւորգ Կակոյանը եւ Առաքել Միրզոյանը, , 85 կգ քաշայինների պայքարում' Արամ Անդրիկյանը եւ Գեւորգ Պողոսյանը, 105 կգ քաշային կարգում' Արթուր Բաբայանը:

Կանանց պայքարում Հայաստանը ելույթ կունենան մարտական կազմով: