Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասողական վիճակ

Սպորտ

Հայ ամենաբարձրահասակ հարձավող Տիգրան Ղարաբաղցյանը որոշել է ելույթները շարունակել Երեւանի "Կիլիկիայում": Ֆուտբոլիստը "Ա1+"-ին հայտնեց, որ արդեն պայմանագիր է կնքել "Կիլիկիայի" հետ, որի ժամկետը ավարտվում է տարեվերջին:

Ղարաբաղցյանը, որը անցած տարի ելույթ ունեցավ Վառնայի "Չեռնո Մորեյում" եւ Երեւանի "Փյունիկիում", ձմռանը փորձաշրջան անցավ Սլովակիայի փոխչեմպիոն "Ժիլինայի" կազմում, սակայն հանգամանքների բերումով վերադարձավ հայրենիք:

"Առաջիկա ամիսներին ելույթ կունենամ "Կիլիկիայում": Նոր ակումբի խաղացողներից շատերին ծանոթ եմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, որոնց հետ հանդես ենք եկել միեւնույն թիմում կամ տարբեր տարիքային հավաքականներում: Լավ կոլեկտիվ է եւ լավ մարզչական շտաբ է աշխատում թիմում",-նշեց Տիգրան Ղարաբաղցյանը:

Ամեն դեպքում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը հույս ունի, որ ամռանը կտեղափոխվի արտասահմանյան որեւէ ակումբ. "Թեեւ պայմանագիր եմ կնքել մինչեւ 2009 թ. ավարտը, սակայն պայմանավորվածություն ունենք, որ եթե ամռանը առաջարկ ունենամ արտասահմանից, ապա ակումբը կթողնի ինձ տեղափոխվել այլ թիմ: Հույս ունեմ, որ ամռանը նման հնարավորություն կլինի":

Ղարաբաղցյանը "Կիլիկիայի" կազմում իր նորամուտը կարող է նշել վաղը Աբովյանում կայանալիք "Արարատի" հետ մրցավեճում, որը կայանալու է Հայաստանի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում. "Մարտական են տրամադրված եւ ձգտելու ենք հաղթանակի: Հայաստանի առաջնությունում կարելի է հասնել հաջողության ցանկացած խաղում եւ կարծում եմ այս մրցաշրջանում "Կիլիկիան" դեռ անակնկալներ կմատուցի":