Մարզիչը վստահ է հաղթանակին
Աջակցիր «Ա1+»-ին"Կարծում եմ մենք կհաղթենք 1:0 հաշվով",-կանխատեսեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը վաղը Երեւանում Էստոնիայի հետ կայանալիք խաղից առաջ:
Դանիացի մասնագետը վստահ է, որ Հայաստանը վաղը հաղթելու է մրցակցին, սակայն գտնում է, որ դա հեշտ չի լինելու, քանի որ Էստոնիայի հավաքականի ֆիզիկապես ամուր թիմ է. "Ես դիտել եմ Էստոնիայի հավաքականի մասնակցությամբ տեսագրություններ: Նրանց ֆուտբոլիստները լավ ֆիզիկական տվյալներ ունեն, սակայն ստեղծագործ ֆուտբոլ չեն խաղում: Վաղվա խաղում լինելու է ֆիզիկական մեծ պայքար":
Յան Պոուլսենը հրաշագործ անվանեց Հայաստանի հավաքականի բժիշկներին, որոնք ըստ մարզչի' կարողացել են վերականգնել մի շարք ֆուտբոլիստների. "Արա Հակոբյանը, Արթուր Ոսկանյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքներով էին եկել իրենց ակումբներից: Սակայն մեր բժիշկները հրաշագործ են եւ այդ խաղացողները պատրաստ են վաղը դուրս գալ խաղադաշտ":
Բայց այսքանով հավաքականի կադրային խնդիրները չեն ավարտվում, քանի որ վնասվածք ունի Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը, եւ այժմ մարզիչը քննարկում է, թե ով կարող է փոխարինել Թադեւոսյանին: Հնարավոր տարբերակ էր համարվում կիսապաշտպան Արթուր Ոսկանյանին կենտրոնում խաղացնելը, որը "Բանանցում" եւս սկսել է հանդես գալ պաշտպանությունում: Սակայն Պոուլսենը այլ կարծիքի է. "Ոսկանյանը ավելի օգտակար է կիսապաշտպանությունում: Պաշտպանությունը նրա տեղը չէ":
Պոուլսենին մտահոգում էր նաեւ, այն որ հավաքականի խաղացողների մի մասը խաղային պրակտիկա չունեն: Մասնավորապես Ռոբերտ Արզումանյանը, Արարատ Առաքելյանը, Արման Քարամյանը, Վահագն Մինասյանը եւ Էդգար Մանուչարյանը ըստ մարզչի խաղային պրակտիկայի խնդիր ունեն:
Դանիացի մասնագետը նկատեց նաեւ, որ առաջին անգամ Հայաստանի հավաքականը իր գլխավորությամբ հանդես է գալու Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում. "Իմ գլխավորությամբ Հայաստանը 2-րդ անգամ է հանդես գալու Երեւանում եւ առաջին անգամ "Հանրապետական" մարզադաշտում: Շատ գեղեցիկ մարզադաշտ է եւ լավ խոտածածկով: Մարզումից հետո ես տղաներին ասացի, որ կան բոլոր պայմանները լավ ֆուտբոլ ցուցադրելու":