Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ, բայց բարձրահասակ մրցակից

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վաղը "Հանրապետական" մարզադաշտում ընտրական հանդիպում է անցկացնելու Էստոնիայի հավաքականի հետ: Համառոտ ծանոթանանք Հայաստանի առաջիկա մրցակցին:

Պատմությունը

Էստոնիայի հավաքականը  երբեւէ լուրջ հաջողությունների չի հասել: ԽՍՀՄ-ի օրոք էստոնական ակումբները բավական համեստ ելույթներ են ունեցել, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Էստոնիայում ֆուտբոլը որոշակիորեն առաջընթաց ապրեց, սակայն դարձյալ լուրջ հաջողություններ մերձբալթյան հանրապետությունը չունեցավ: Առավել հաջող ստացվեց էստոնացիների համար 2001-02 թթ., երբ էստոնացիները մի քանի հաջող հանդիպումներ անցկացրին եւ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հայտնվեցին 60-րդ հորիզոնականում: Դրանից հետո Էստոնիան հաստատուն քայլերով նահանջել է եւ այժմ վարկանիշային աղյուսակում 126-րդն է:

Մարզիչը

Վերջին 2 տարիներին Էստոնիայի հավաքականը գլխավորում է 54-ամյա Տարմո Ռուտլին: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ Տալինի "Ֆլորայի" գլխավոր մարզիչը: Ռուտլին Էստոնիայի հավաքականը գլխավորել է նաեւ 1999-2000 թթ.: Ի դեպ, 1999 թ. Էստոնիայի հավաքականը հենց Ռուտլիի գլխավորությամբ սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի հետ եւ հաղթել 2:0 հաշվով: Իսկ 1998 թ. Աբովյանում կայացել էր 2 երկրների միջեւ առաջին ընկերական հանդիպումը: Թեեւ Հայաստանը հանդես եկավ ոչ մարտական կազմով, սակայն հաղթեց էստոնացիներին 2:1 հաշվով: 

Կազմը

Էստոնիայի հավաքականի կազմում աստղեր չկան: Էստոնացիները հիմնականում ելույթ են ունենում սկանդինավյան, ռուսական եւ էստոնական ակումբներում: Ներկայիս եւ բոլոր ժամանակների Էստոնիայի հավաքականի լավագույն ռմբարկուն Անդրես Օպերն է, որ 112 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում եւ խփել 35 գնդակ: Սակայն Օպերը Երեւան չի ժամանել, քանի որ մարզիչները այս վնասվածքից նոր ապաքինված խաղացողին չեն հրավիրել: Օպերի բացակայության պայմաններում Էստոնիայի հավաքականի առաջատար է համարվում պաշտպան Ռայո Պիրոյան, որը ինչպես եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, ելույթ է ունենում նորվեգական "Ֆրեդրիկստադում": 190 սմ հասակով Պիրոյան 86 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում: Թեեւ հանդես է գալիս պաշտպանությունում, սակայն 6 անգամ կարողացել է դառնալ գոլի հեղինակ:

Ընդհանրապես, Էստոնիայի հավաքականի կազմում ընդգրկված խաղացողները աչքի են ընկնում բարձր հասակով: