Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին տեղը' Լեւոնին

Սպորտ

Նիսում ավարտվեց "Ամբեր" ավանդական մրցաշարը, որի վերջին' 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1:1 հաշվով ավարտելով Վեսելին Տոպալովի հետ մրցամարտը դարձավ մրցաշարի հաղթող:

Ավանդական այս մրցաշարը վարկանիշային չէր, քանի որ անցկացվում էր "կույր" եւ արագ շախմատի կանոներով: 11-րդ տուրում Արոնյանի եւ Բուլղարիայի լավագույն շախմատիստ Տոպալովի միջեւ կայացած "կույր" պարտիան ավարտվեց խաղաղ ելքով: Արագ շախմատում եւս կողմերը բաժանվեցին խաղաղությամբ:

Այս ոչ-ոքից հետո Արոնյանը 14 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Լեւոնը բավական կայուն խաղ ցուցադրեց ողջ մրցաշարի ընթացքում եւ նրա հաղթանակը միանգամայն տրամաբանական էր: Պետք է ընդգծել, որ Արոնյանը հաջող հանդես եկավ թե "կույր" շախմատում, թե' արագում: Պատահական չէ, որ 7-ական միավոր է վաստակել 2 ձեւում:

Արոնյանին 13.5-ական միավորով հաջորդեցին Վլադիմիր Կրամնիկը եւ Վիշվանաթան Անանդը, սակայն հայտնի գրոսմայստերները միայն վերջին տուրում ընդհուպ մոտեցան Արոնյանին: Կրամնիկը վերջին տուրում 2:0 հաշվով առավելության հասավ հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ, իսկ Անանդը 1.5:0.5 հաշվով հաղթեց չինացի Վանգ Յուին: 13 միավորով 4-րդ հորիզոնականում հանգրվանեց Մագնուս Կառլսենը, որը եւս հաջող էր հանդես գալիս մրցաշարի ընթացքում: Վերջին տուրում նորվեգացի շախմատիստը 1:1 հաշվով ավարտեց Ռաջաբովի հետ մրցամարտը:

Ավելորդ չէ նշել, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել էր 216 հազար եվրո: