Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառնամանիքից` տաք Հայաստան

Սպորտ

"Մենք եկել ենք հաղթանակի հետեւից եւ հույս ունենք որ հաղթելու ենք Հայաստանի հավաքականին",-նշեցին էստոնացի ֆուտբոլասերները "Ա1+"-ի հետ զրույցում: Մարտի 28-ին Երեւանի "Հանրապետական" մարզադաշտում կայանալիք խաղին ներկա կլինեն շուրջ 50 էստոնացի ֆուտբոլասերներ, որոնց մի մասը արդեն Երեւանում է:

Էստոնիայի հավաքականի ամենաջերմ երկրպագուներից մի քանիսը Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկում մի քանի ժամ առաջ գարեջուր էին խմում եւ զարմանում, թե որքան տաք է Երեւանում: "Ապրիլի 1-ին Տալինում կայանալիք Էստոնիա-Հայաստան խաղի ժամանակ անհամեմատ ցուրտ է լինելու: Մեզ մոտ այժմ իսկական սառնամանիք է, իսկ Հայաստանում եղանակը այլ է: Ես առաջին անգամ եմ այստեղ եւ ինձ դուր է գալիս այս երկիրը",-ասաց Թոմասը:

Վերջինս լավատես էր եւ հույս ուներ, որ բարձր տրամադրությամբ կհեռանա Հայաստանի մայրաքաղաքից. "Ես միշտ հավատում եմ Էստոնիայի հավաքականի հաջողությանը: Հույս ունեմ, որ կհաղթենք: Հայկական ֆուտբոլի մասին տեղեկություններս քիչ են: Տարիներ առաջ տեսել եմ "Ֆլորա"-"Փյունիկ" խաղը:"

Թոմասի կարծիքով Էստոնիան ունի խաղացողներ, որոնք Երեւանում կարող են գրավել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը. "Ես հավատում եմ Զենեւին: Նա կարող է գոլ խփել: Ակնկալիքներ ունեմ նաեւ նաեւ մյուս հարձակվողներից, բայց որքանով կարդարանան իմ սպասելիքները, ցույց կտա խաղը":

Ֆուտբոլասերներից Իդրակը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին եղել էր Հայաստանում. "Մոտ 22 տարի առաջ էի եղել: Իհարկե, այժմ լրիվ այլ է Հայաստանը: Ես հույս ունեմ, որ Հայաստան-Էստոնիա խաղում կհաղթի համերաշխությունը եւ հաջողության կհասնի այն թիմը, որը այդ օրը ավելի լավ խաղ է ցուցադրելու":

Էստոնիայից ժամանած ֆանատների թվում էր նաեւ Կայդոն, որը փորձում է գուշակել, թե ինչ կազմով հանդես կգա իր երկրի հավաքականը. "Կազմի հետ կապված դժգոհություններ չունեմ, չնայած միշտ էլ հնարավոր է ավելի ուժեղ հավաքական հավաքել: Այս անգամ բացակայում է մեր գլխավոր ռմբարկուն` Օպերը, որը հաճախ է գոլեր խփում: Բայց նա վնասվածք ուներ եւ նրան չեն հասցրել հրավիրել":