“Հայաստանը ուժեղ մրցակից է”
Աջակցիր «Ա1+»-ին"Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների խաղում կարող է պատահել ամեն ինչ: Մրցակիցը ուժեղ է: Էստոնիայի համար թույլ մրցակիցներ չկան: Եթե մեր լավագույն խաղը ցուցադրենք, ապա կարող ենք միավորներ վաստակել Երեւանում",- Հայաստան ուղեւորվելուց առաջ տված մամուլի ասուլիսում հայտարարել է Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյուտլին:
Մարտի 28-ին Երեւանի "Հանրապետական" մարզադաշտում կայանալիք խաղից առաջ Ռյուտլին դեռ չի կողմոնորոշվել, թե ովքեր են ընդգրկվելու հիմնական կազմում: "Հավաքականի կազմը, որը շաբաթ օրը պետք է դուրս գա խաղադաշտ, դեռ որոշված չէ: Հայաստանում խաղից առաջ ժամանակ կլինի վերջնական որոշում կայացնելու համար: Քննարկվում են տարբերակներ,"- ասել է էստոնացի մարզիչը:
Տարմո Ռյուտլին հայտնել է, որ հավաքական հրավիրված 4 դարպասապահներից 2-ը չեն մեկնում Երեւան. "Եթե հրավիրել ենք 4 դարպասապահ, ապա բնական է, որ նրանցից 2-ը կմնան Տալինում: Արդեն որոշել ենք, թե դարպասապահներից ով է դուրս գալու խաղադաշտ, սակայն չեմ կարծում, թե պետք է հայտնեմ իմ որոշման մասին":
Էստոնիայի կազմում ընդգրկված են 2 հավասարազոր դարպասապահներ` Սերգեյ Պարեյկոն եւ Պավել Լոնդակը: Պարեյկոն ելույթ է ունենում ռուսական "Տոմի" կազմում եւ այս ֆուտբոլիստի լավ խաղի շնորհիվ օրերս "Տոմը" Մոսկվայում 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Իսկ Լոնդակը Էստոնիայի կազմում բավական հաջող է հանդես եկել նախորդ տարի Թուրքիայի հետ կայացած մրցավեճում, որը ավարտվել է 0:0 հաշվով:
Էստոնիայի հավաքականի հետ Հայաստանը հանդիպելու է նաեւ ապրիլի 1-ին Տալինում, ուստի Տարմո Ռյուտլին փորձել է որքան հնարավոր է լավ ուսումնասիրել մրցակցին. "Հայերը լավ են տիրապետում գնդակին, բայց նրանց խաղը շատ անկանխատեսելի է: Նրանց թիմում շատ են տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստները, որոնք չպետք է մեր տուգանային հրապարակում մնան առանց հսկողության":
Ասուլիսին մասնակցել է նաեւ Էստոնիայի հավաքականի խաղացող Տարմա Կինկը, որի կարծիքով Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը հարմար մրցակիցներից մեկն է. "Բոլոր ընտրական խաղերն էլ կարեւոր են: Բայց Հայաստանի հետ խաղում միավորներ վաստակելը ավելի հեշտ է քան` Իսպանիայի հետ մրցավեճում: Իհարկե, շատ բան կախված է բախտից, բայց եթե մենք առաջիկա 2 խաղերում կարողանանք վաստակել 3-4 միավոր, ապա արդյունքից կարող ենք գոհ լինել: 2 միավորն էլ վատ արդյունք չի, իսկ ահա 0 միավորը ձեռնտու չէ":