Բերեզովսկին միանում է հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւան կժամանի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Փորձառու ֆուտբոլիստին ի վերջո հաջողվել է հարթել փաստաթղթերի հետ առկա խնդիրները եւ ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Հայաստանի հավաքականը արդեն 3 օր է մարզվում է Երեւանում` նախապատրաստվելով Էստոնիայի հետ մարտի 28-ին կայանալիք ընտրական հանդիպմանը: Սակայն Բերեզովսկին բացակայում էր, ինչի մասին մի քանի անգամ տեղեկացրել ենք: Ռոմանը ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն, մինչդեռ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է ընդունել օրենք, համաձայն որի Ռուսաստանի քաղաքացիները իրավունք չեն ունենալու ելույթ ունենալ այլ երկրների հավաքականներում:
Օրենքը առայժմ ուժի մեջ չի մտել, ինչի մասին "Ա1+"-ին վստահեցրին նաեւ Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Բերեզովսկին մտավախություն է ունեցել, որ օրենքը առաջիկայում ուժի մեջ մտնելով կգործի հետին թվով եւ մերձմոսկովյան "Խիմկիում" կստանա լեգեոների կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին Հայաստանի հավաքականում անցկացրել է 50-ից ավել հանդիպում: Առաջին անգամ Ռոմանը Հայաստանի հավաքականի կազմում ելույթ է ունեցել 1996 թ. օգոստոսի 31-ին Երեւանի "Հրազդան" մարզադաշտում կայացած Հայաստան-Պորտուգալիա մրցավեճում (0:0):
Ի դեպ, վաղը 11:00-ին Հայաստանի հավաքականը "Հանրապետական" մարզադաշտում կանցկացնի իր վերջին մարզումը Էստոնիայի հետ հանդիպումից առաջ: 13:00-ին հավաքականի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիս կտա: Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմյո Ռյուտլին հայ լրագրողների հետ կհանդիպի 14:00-ին: