ՖՈՒՏԲՈԼԸ ՓՈԽԵՑ ԱԼԲԵՐՏԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկի» 18-ամյա ֆուտբոլի Ալբերտ Թադեւոսյանը դարձավ Հայաստանի 2008թ. առաջնության գլխավոր հայտնությունը: Անցկացնելով իր անդրանիկ մրցաշրջանը բարձրագույն խմբում` Թադեւոսյանը 10 գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը` դառնալով իր թիմի գլխավոր ռմբարկուն: Այս գոլերից 2-ը երիտասարդ խաղացողը խփեց «Արարատի» հետ ոսկե հանդիպման ժամանակ,որի շնորհիվ «Փյունիկը» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Մինչ այդ ավելի շատ հակված էի դեպի ուժային մարզաձեւերը, սակայն մեր ընտանիքին ծանոթ մի անձանավորություն համոզեց, որ ֆուտբոլով զբաղվեմ եւ տարավ ինձ «Մալաթիայի» մարզադպրոց, որտեղից էլ սկսվեց իմ կարիերան,- պատմեց Թադեւոսյանը եւ շարունակեց,-Սկզբում այնքան էլ լուրջ չէի վերաբերվում ֆուտբոլին: Ինձ ավելի շատ ձգում էր բակում լինելը, այնտեղ ժամանակ անցկացնելը: Բայց ժամանակի ընթացքում սկսեցի ավելի լրջորեն մոտենալ ֆուտբոլին, գիտակցել, որ այն պահանջում է կարգապահություն եւ զգոնություն: Ֆուտբոլը ամբողջովին փոխեց ինձ»:
Ալբերտի մասին հայ ֆուտբոլասերները առաջին անգամ տեղեկացան 2 տարի առաջ Երեւանում կայացած մինչեւ 17 տարեկանների ընտրական փուլի խմբային մրցաշարի ժամանակ, երբ Թադեւոսյանը բավական հաջող հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում:
«Դա իմ նորամուտն էր պատանեկան հավաքականում: Ցավոք, չկարողացանք հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն դա մեծ փորձ էր: Մինչ այդ եւս հրավեր ստացել էի, սակայն հանդես չէի եկել հիմնական կազմում»,-ասաց նա:
Հայաստանի ընթացիկ առաջնությանը հաջող սկսվեց Ալբերտի համար: Մեկնարկային տուրում նա բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Ուլիսի» հետ հանդիպման վերջին րոպեներին եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին:
«Մրցաշրջանի սկզբում Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ տեղ էր տալիս երիտասարդ խաղացողներին: Նա մեծ վստահություն հաղորդեց ինձ: Նրանից հետո այդ գործը հաջողությամբ շարունակեց Վարդան Մինասյանը: Մեր թիմում շատ սուր մրցակցություն է ընթանում հիմնական կազմում տեղ ունենալու համար: Թեեւ ես խաղընկերներցս ավելի երիտասարդ եմ, սակայն ցանկությունս մեծ է նաեւ այս տարիքում լինել խաղադաշտում»,-ասաց ֆուտբոլիստը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի խաղացողը մեծ նշանակություն է տալիս մարզական ռեժիմին. «Դա շատ կարեւոր գործոն է ինձ համար: Միգուցե կան ֆուտբոլիստներ, որոնք այնքան էլ լուրջ չեն վերաբերվում դրան, սակայն ես հետեւողական եմ այս հարցում: Գտնում եմ, որ մարզական ռեժիմը զգալիորեն նպաստում է լավ մարզավիճակին եւ առանց դրա չես կարող ցույց տալ ողջ կարողություներտ»: