ՎԱՂԸ «ԱՐԱՐԱՏՈՒՄ» ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից եւ սկսել մարզումները նոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ: Նորանշանակ մարզիչը «Ա1+»-ին հայտնեց, որ թիմում առայժմ փոփոխություններ չկան:
Թեեւ «Արարատի» խաղացողները երկար ժամանակ է չեն ստացել պարգեւավճարներ եւ աշխատավարձ, սակայն մարզումներին ներկա են եղել բոլոր խաղացողները: Բացառություն են կազմել թիմի բրազիլացի լեգեոներները, որոնց արձակուրդը դեռ չի ավարտվել:
«Վաղը բոլոր խաղացողները կստանան իրենց պարգեւավճարները: Այդ մասին այսօր արդեն հստակ տեղեկություն ենք ստացել», - ասաց Աշոտ Կիրակոսյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ մինչեւ հունվարին Մոսկվայում մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» խաղարկության մեկնարկը, «Արարատը» համալրում կստանա. «Ներկայումս առաջին լիգայի թիմից հրավիրել ենք 8 խաղացողների, որոնք փորձշրջան են անցնում: Բնական է, որ 8-ն էլ չեն մնա թիմում, այլ կընտրենք նրանցից լավագույններին: Նախատեսվում է, որ թիմը առաջիկայում կհամալրեն այլ ֆուտբոլիստներ: Հրավիրվածների շարքում կլինեն թե հայաստանցիներ, թե արտասահմանցիներ»:
Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների մրցաշարին «Արարատը» կնախապատրաստվի Արարատի «Այգ» մարզաբազայում. «Հունվարի 7-ից կսկսենք ուսումնամարզական հավաք «Այգում»: Հավաքը կտեւի մեկ շաբաթ, որից հետո կվերադառնանք Երեւան, ապա մեկ օր անց կուղեւորվենք Մոսկվա: «Համագործակցության գավաթի» խաղարկությունից հետո թիմը մի քանի օր մարզումները կշարունակի Հայաստանում, ապա կմեկնենք Խորվաթիա անցկացնելու 2009թ. Հայաստանի առաջնությանը առաջին նախապատրաստական հավաքը»: