Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՆԱԹԵԹԵՎ Ու ԾԱՆՐ ԸՄԲԻՇՆԵՐԸ

Սպորտ


Այսօրվանից «Ա1+»-ը կսկսի ամփոփել 2008թ. մարզական տարին ըստ մարզաձեւերի: Կանդրադառնանք շուրջ 10 մարզաձեւերի: Սկսենք ըմբշամարտից:

Հունա-հռոմեական ոճ


Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած Հայաստանի հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը արդարացրեց սպասելիքները: Մեր ըմբիշները տարվա կարեւորագույն ստուգատեսներում արժանացան մի քանի մեդալների: Բայց մտահոգիչ է այն հանգամանքը, որը բոլոր այդ մեդալները նվաճել են ընդամենը 2 հոգի` Ռոման Ամոյանը (55կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120) կգ: Վերջիններս Հայաստանի հավաքականի ամենաթեթեւ եւ ամենածանր մարզիկներն են, իսկ ահա միջին քաշերում հայ ըմբիշները ոչնչով աչքի չեն ընկել: Տարին հատկապես հաջող էր Պատրիկեեւի համար, որը գարնանը հաղթեց Եվրոպայի առաջնությունում` եզրափակիչում առավելության հասնելով Ռուսաստանի չեմպիոն Հասան Բարոեւի նկատմամբ:


Պատրիկեեւը հաջող հանդես եկավ նաեւ Պեկինում օգոստոսին կայացած օլիմպիական խաղերում, որտեղ բրոնզե մեդալի արժանացավ: Գերծանր քաշային կարգում Հայաստանը երբեք նման լուրջ հաջողությունների չէր հասել: Ամոյանը եւս Պեկինից վերադարձավ բրոնզով, իսկ Եվրոպայի առաջնությունում արժանացել էր արծաթե մեդալների:


Ահա այս 4 մեդալներն են տարվա գլխավոր իրադարձությունները հայկական ըմբշամարտում:


Ռոման Ամոյանը եւ Յուրի Պատրիկեեւը այս արդյունքների շնորհիվ ընդգրկվեցին նաեւ 2008թ. Հայաստանի լավագույն 10 մարզիների շարքում: Տպավորիչ էր նաեւ այն, որ Հայաստանը միանգամից 6 ներկայացուցիչ ունեցավ օլիմպիական խաղերում:


Վարկանիշային մրցաշարերում Հայաստանը ներկայացնող ըմբիշները բավական հաջող հանդես եկան եւ կարողացան կրկնել 1996թ. օլիմպիական խաղերի լավագույն արդյունքը, երբ Հայաստանը դարձյալ 6 ներկայացուցիչ ուներ հունա-հռոմեկան ոճում:


Եթե մեծահասակների պայքարում արդյունքները գոհացնող էին, ապա երիտասարդներն ոչնչով աչքի չընկան: Ընդհանրապես` վերջին տարիներին Հայաստանը երիտասարդները եւ պատանիների առաջնություններում չի փայլում:

Ազատ ոճ


Հայաստանի ազատ ոճի հավաքականի համար տարին անհաջող էր: Այս ոճում ելութ ունեցող հայ ըմբիշները որեւէ մեդալի չարժանացան օլիմպիական խաղերում: Հայ ըմբիշները անհաջողության մատնվեցին նաեւ Եվրոպայի առաջնությունում: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ավարտից հետո հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Վերջին տարիներին Հայաստանը ազատ ոճում որեւէ լուրջ հաջողություն չի ունեցել: Պեկինում էլ առանձնապես սպասլիքներ չկային այս ոճից, թեեւ Հայաստանը ներկայացնելու էին 3 տաղանդավոր ըմբիշներ: Բայց նրանք բավական անհաջող հանդես եկան եւ նույնիսկ մոտ չէին մեդալին: Ազատ ոճում առկա տխուր պատկերը ամբողջացրեց հոկտեմբերին Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան հուշամրցաշարը: Միջազգային այս մրցաշարում հանդես եկան 6 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ոչ մի քաշային կարգում հաղթող չունեցավ: