Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՍԿԱՆՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»

Սպորտ


Փորձառու կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբում: Հայաստանի հավաքականի խաղացողը «Ա1+»-ին հայտնեց, որ պայմանագիր կկնքի հունվարի 10-ին:


Արթուր Ոսկանյանը 2008թ. անցկացրեց Բելառուսի Վիտեբսկ քաղաքի համանուն թիմում, իսկ նոյեմբերին վերադարձավ Հայաստան: Որոշ ժամանակ հայ ֆուտբոլիստը նոր ակումբ էր փնտրում եւ ի վերջո որոշել է հանդես գալ «Բանանցում»:


«Ակումբը ինձ լավ է ծանոթ, քանի որ տարիներ առաջ մեկ մրցաշրջանում արդեն անցկացրել եմ «Բանանցում»: Այն ժամանակ եւս թիմը մարզում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որը ներկայումս էլ «Բանանցի» գլխավոր մարզիչն է: Նրա հետ աշխատելու փորձ արդեն ունեմ»,- նշեց Արթուր Ոսկանյանը:


Ֆուտբոլիստի պայմանագիրը բելառուսական «Վիտեբսկի» հետ ավարտվում է հունվարի 10-ին, ուստի առայժմ Ոսկանյանը չի կարող պայմանագիր կնքել «Բանանցի» հետ. «Պաշտոնապես իմ տրանսֆերտ դեռ պատկանում է «Վիտեբսկին»: Միայն 2009թ. հունվարի 10-ին կավարտվի պայմանագիրս եւ ես կդառնամ ազատ խաղացող: Այդ ժամանակ էլ պայմանագիր կկնքեմ հայկական թիմի հետ»:


Արթուր Ոսկանյանը ընդգծեց նաեւ, որ պատահական չէ ընտրել «Բանանցը». «Ես թիմի ենթակառուցվածները լավագույնն են Հայաստանում: Անպայման պայքարելու ենք 2009թ. Հայաստանի գավաթին տիրանալու համար, ապա նաեւ չեմպիոն դառնալու: Կարծում եմ «Բանանցը» նման բարձր արդյունքների հասնելու բոլոր հնարավորություններն ունի»:


Ավելացնենք, որ Ոսկանյանը վերջին 10 տարիների ընթացքում ելույթ է ունեցել կամ արտասահմանում, կամ Հայաստանի առաջատար թիմերում: 1999-2000թ. Արթուրը հանդես է եկել Էլիստայի «Ուրալանում», ապա մեկ մրցաշրջան անցկացրել «Բանանցում» եւ տեղափոխվել կիպրոսական «Դիգենիս» (2002-03թթ.), որտեղից էլ մեկ այլ կիպրոսական ակումբ` «Էթնիկոս» (2003-04թթ.):