Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՎԱՆՉՈՒԿԸ ՕԳՆԵՑ ԱՐՈՆՅԱՆԻՆ

Սպորտ


Լեւոն Արոնյանը Չինաստանի Նանցզին քաղաքում ավարտված շախմատային սուպեր մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը: Վերջին10-րդ տուրում Արոնյանը մրցեց Պյոտր Սվիդլերի հետ:


Այս պարտիայում գրանցվեց խաղաղ ելք, ինչը այնքան էլ ձեռնտու չէր Լեւոնի համար, սակայն հայ շախմատիստին օգնության եկավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը զուգահեռաբար ընթացած պարտիայում պարտության մատնեց չինացի Բու Հիանցզիին:


Վերջինիս պարտության շնորհիվ Արոնյանը 5.5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Իսկ հաղթողի կոչումը վստահորեն նվաճեց Վեսելին Տոպալովը: Բուլղարացի շախմատիստը 7 միավորով հանգրվանեց առաջին հորիզոնականում: Լավագույն եռյակը 5 միավորով եզրափակեց Բու Հիանցզին: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը վերջին տուրում կես միավոր վաստակեց Տոպալովի հետ մրցամարտում եւ 4 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը:

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՄԵՍՏ ԴԻՐՔԵՐՈՒՄ


Էլիստայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի 7-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը իր 6-րդ ոչ-ոքին խաղաց: Այս անգամ հայ գրոսմայստերը կես միավոր վաստակեց Վանգ Յուի հետ մրցավեճում:


Մրցաշարը արդեն հատել է հասարակածը, իսկ Հակոբյանը իր ակտիվում ընդամենը 3 միավոր ունի: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականի շախմատիստը ընդամենը 11-րդն է 14 մասնակիցների շարքում: Մրցաշարային աղյուսակը 4.5-ական միավորով գլխավորում են Վուգար Ղաշիմովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրշչուկը (Ռուսաստան): 4-ական միավոր են վաստակել Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) եւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան):