ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՊԱՏԺԻ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնում է, որ ֆուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնության «ոսկե» «Փյունիկ»-«Արարատ» (2:1) հանդիպումը անցել է նորմալ, իսկ մրցավարությունը եղել գերազանց: Այս մասին հայկական ֆուտբոլի ղեկավարը հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
«Այս տարի ուղղակի «Արարատի» բախտը բերեց, որ «Միկան» եւ «Բանանցը» անհաջող հանդես եկան եւ իրենք դարձան մրցանակիր: «Արարատի» ղեկավարներին ֆուտբոլը չի հետաքրքրում: Նրանց պարզապես պետք են սկանդալային իրադարձություններ», - հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Որպես ասածի ապացույց Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Երբ «Բանանցը» եւ «Միկան» ելույթ են ունենում, նրանց ղեկավարները, որտեղ էլ որ լինեն գալիս են 2 ժամով, դիտում են հանդիպումը եւ հեռանում: Իսկ երբ «Արարատը» Շվեյցարիայում ՈՒԵՖԱ-ի գավաթի հանդիպում էր անցկացնում, ակումբի նախագահը չէր բարեհաճել գալ, խաղից առաջ տղաների ոգին բարձրացնել: Մինչդեռ «Արարատի» նախագահը բնակվում է Շվեյցարիայում»:
ՀՖՖ նախագահը զայրացած էր նաեւ «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի վրա. «Գրեթե յուրաքանչյուր խաղում Վարուժան Սուքիասյանը պահեստայինների նստարանից մոտակայքից հայհոյել է մրցավարներին: Հաջորդ տարի ես կպատժեմ այն մարդկանց, ովքեր նման բան թույլ կտան իրենց: Եթե Վարուժան Սուքիասյանը յուրաքանչյուր հանդիպումից հետո կարմիր ստանար, ապա կմասնակցեր միայն առաջնության 2-3 հանդիպումների»:
Հայրապետյանը նշեց նաեւ, որ եթե «Արարատի» ղեկավարները ամիսներ շարունակ չեն վճարում ֆուտբոլիստներին. «Առաջնության «Միկայի» հետ խաղից առաջ «Արարատի» խաղացողները մտադիր էին բոյկոտել եւ խաղադաշտ դուրս չգալ, քանի որ մի քանի ամիս չէին ստացել աշխատավարձ: Ես նրանց թույլ չտվեցի` ասելով որ կպատժեմ խստորեն: Եթե հաջորդ տարի եւս «Արարատի» ղեկավարները շարունակեն իմիջայլոց վերաբերվել թիմին, ապա մենք ինչ-որ ձեւով կվերցնենք այդ անունը նրանցից եւ կտանք այնպիսի մարդկանց, ովքեր լուրջ կվերաբերվեն անունին»:
ԱԺ պատգամավորը խոսեց նաեւ Հայաստանի հավաքականի մասին` տեղեկացնելով, որ ստեղծվել է հատուկ հանձնախումբը, որը ֆեդերացիայում զբաղվելու է արտասահմանում բնակավող հայ տաղանդավոր ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքական հրավիրելու գործող.
«Ներկայումս գործում է հատուկ հանձնախումբ, որը զբաղվում է արտասահմանումգտնվող անխտիր բոլոր հայ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ ստանալով, նրանց հետ բանակցելով: Պետք ընդգծել, որ նրանց 90 %-ը հրաժարվում են Հայաստանում հանդես գալու առաջարկից: Ամենը մեկը ցանկանում է տվյալ երկրի հավաքականում ելույթ ունենալ»:
Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը այն եզակի ֆուտբոլիստներից էր, որը մեծ ուրախությամբ էր ընդունել Հայաստանում հանդես գալու առաջարկը, սակայն մեկ անգամ հագնելով երիտասարդական հավաքականի մարզաշապիկը` հետագայում անհասկանալի պատճառներով չէր հրավիրվում: «Ի ուրախություն մեզ պետք է նշեմ, որ այսօր դատարանը թույլ է տվել, որ Հովհաննես Գոհարյանը հանդես գա Հայաստանի հավաքականում: Մինչ այս շատ խոսակցություններ էին եղել, թե ինչպես ենք նրանց խաղացրել Հայաստանում, երբ որ նա ժամանակին ելույթ է ունեցել Ռուսաստանի պատանեկան հավաքականում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կայացած 6-րդ ժողովում ներկայացել էր իր հին լոգոյով: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրեպետյանը այս կապակցությամբ ասաց. «Նախորդ ասուլիսում ես ասել էի, որ եթե մինչեւ ժողովը ավելի հարմար տարբերակ չգտնենք, ապա կմնա նախկին լոգոն»: