ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը մեկնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք, որտեղ կծանոթանա «Էսպանյոլ» ակումբի ենթակառուցվածքներին, ներկա գտնվի «Բարսելոնա»-«Ռեալ» սուպերկլասիկոյին:
«Միկա» ակումբը վերջին շրջանում սկսել է համագործակցել իսպանակական ֆուտբոլային գործկալությունների հետ, որոնց միջոցով Հայաստանում են հայտնվել մի շարք արտասահմանցի ֆուտբոլիստներ: Մասնավորապես` «Միկայի» հետ ներկայումս մարզվում են Մադրիդի «Ռեալի» մարզադպրոցի 3 սաներ: Սակայն «Միկա» ակումբում կտրականապես հրաժարվեցին ասել, թե ովքեր են այս խաղացողները: Արմեն Պետիկյանի բացակայության պայմաններում այս ակումբից պաշտոնական տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ են միջնորդներ:
Ինչեւէ, «Միկան» խորվաթ Իվո Շուշակի գլխավորությամբ շարունակում է մարզվել եւ փորձում է համալրել իր շարքերը: Բելառուսից վերադարձել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանը, որը հենց «Միկայից» էր գնացել արտասահման: «Միկայի» կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Աղվան Մկրտչյանը, որը դեռ պայմանագիր չի կնքել թիմի հետ:
Դեկտեմբերի 14-ից «Միկայի» ֆուտբոլիստները կգնան արձակուրդ, որտեղից կվերադառնան հունվարի 8-ին, իսկ 2 օր անց Ծաղկաձորում կսկսեն առաջին ուսումնամարզական հավաքը: Արձակուրդի ընթացքում էլ վերջնականապես հայտնի կդառնա, թե արդո՞ք «Միկան» գլխավորելու է Վրաստանի հավաքականի նախկին մարզիչ Իվո Շուշակը, որը այս օրերին փորձաշրջան է անցնում թիմում: