«ԱՐԱՐԱՏԸ» ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԵՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աշոտ Կիրակոսյանը: Վերջինս այս պաշտոնում փոխարինել է օրերս հրաժարական տված Վարուժան Սուքիասյանին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը:
«Մեր ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը գլխավոր մարզիչ է նշանակել Աշոտ Կիրակոսյանին: Առայժմ պայմանագիր չի կքնվել: Դա կկատարվի մի քանի օրից, սակայն արդեն հայտնի է, որ Կիրակոսյանն է գլխավորելու «Արարատը» եւ շուտով թիմը նրա գլխավորությամբ կսկսկի նախապատրաստվել գալիք մրցաշրջանին», - ասաց Թոփուզյանը:
Աշոտ Կիրակոսյանը նոր մարդ չէ «Արարատում», քանի որ նախորդ տարի գլխավորում էր «Արարատ-2»-ը, իսկ այս տարի ակումբի մանկապատանեկան դպրոցի ղեկավարն էր: Աշոտ Կիրոսկոսյանը շուրջ 20 տարվա մարզչական փորձ ունի, սակայն այս ընթացքում որեւէ հայտնի թիմում չի աշխատել: 1993-97թթ. «Արարատի» նորանշանակ մարզիչը աշխատել է Սիրիայում, իսկ հետագայում հիմնականում գլխավորել է հայկական թիմեր, որոնք բարձր տեղերի համար չեն պայքարել: Մի պահ Կիրակոսյանը աշխատել է նաեւ Ավստրալիայում:
Կիրակոսյանին կօգնի «Արարատի» եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Գսպեյանը: Ֆիզպատրաստվածության գծով պատասխանատուն կլինի Վահան Նիկոլյանը, որը նախորդ տարի եւս մի քանի ամիս աշխատեց այս պաշտոնում, երբ «Արարատը» գլխավորում էր սերբ Դուշան Միհիչը: Դարպասապահների մարզիչը կլինի Տիգրան Ասլանյանը:
Ի դեպ, տեղեկություն կար, որ պաշտոնանկ է արվել «Արարատի» գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը, սակայն նա հերքեց. «Ես էլ եմ լսել, որ նման լուրեր են տարածվել, սակայն ինձ ոչ-ոքի աշխատանքից չի ազատել»: