ԲԱՄՕ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դեկտեմբերի 13-ին պատրաստվում է նոր նախագահ ընտրել: Այդ օրը կայանալիք ֆեդերացիայի կոնգրեսի ընթացքում տեղի են ունենալու նաեւ նախագահի նոր ընտրություններ:
Ներկայումս բռցնքամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ նախկին ոստիկանապես, այժմ նախագահի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Հարությունյանը չի պատրաստվում կրկին առաջադրել իր թեկնածությունը: Համենայնդեպս, բռնցքամարտի ֆեդերացիայում հստակ տեղեկություն չունեին, թե արդյոք Հարությունյանը պատրաստվում է այս անգամ եւս առաջադրել իր թեկնածությունը:
Իսկ ահա ԲԱՄՕ ընկերության բաժնետերերից Հարություն Մուրադյանի որդին` Արման Մուրադյանը, որը եւս հանդիսանում է բաժնետեր, արդեն հաստատել է իր թեկնածությունը եւ ցանկություն հայտնել գլխավորել ֆեդերացիան:
Մուրադյանը վերջին տարիներին հիմնականում բնակվել է Մոսկվայում, որտեղ նաեւ սերտ առնչություն է ունեցել բռնցքամարտին` համագործակցելով Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Կոնգրեսի ընթացքում կխոսվի նաեւ վերջին 4 տարիներին բռնցքամարտում կատարված աշխատանքների մասին, կներկայացվեն հաշվետվություններ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր պատմության ընթացքում մինչ օրս ունեցել է 3 նախագահ` ԽՍՀՄ փլուզումից հետո ֆեդերացիան գլխավորեց Ռոմիկ Կարա-Պողոսյանը, իսկ 1994թ. նախագահ դարձավ Վանո Սիրադեղյանը, որին 1997թ. փոխարինեց ներկայիս նախագահ Հայկ Հարությունյանը: