Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՈՉ-ՈՔԻՈՎ, ԻՍԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ...

Սպորտ


Չինաստանի Նայնցզին քաղաքում մեկնարկեց շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը առաջին տուրում մրցեց Բուլղարիայի ուժեղագույն շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ: Այս մրցամարտում գրանցվեց ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել չինացի Բու Հիանցզին, որը սեւերով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկը ոչ-ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդելերի հետ:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՀԻԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ


Ադրբեջանցի գրոսմայստեր Շաքիրյար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի մասին միշտ էլ դրական կարծիք է ունեցել. «Մեկ անգամ չէ, որ նշել եմ, թե Հայաստանը հոյակապ թիմ ունի եւ 2 անգամ արժանիորեն հաղթում է Օլիմպիադայում: Դրեզդենի Օլիմպիադայում խաղից առաջ ավելորդ լարվածություն կար ինչը խանգարեց Ադրբեջանին»: Դրեզդենյան Օլիմպիադայում Հայաստան-Ադրբեջան (2.5:1.5) մրցամարտի ելքը վճռվել էր Վլադիմիր Հակոբյան-Շաքիրյար Մամեդյարով պարտիայում, որում հայ շախմատիստը փայլուն հաղթանակ էր տոնել: Հակոբյանը եւ Մամեդյարովը եւս մեկ անգամ կհանդիպեն դեկտեմբերի 14-ին Էլիստայում մեկնարկելիք «Գրան-պրիի» հերթական փուլում: «Ես բոլոր մրցակիցներին նույն կերպ եմ վերաբերվում: Ինչ վերաբերվում է Հակոբյանի հետ մրցամարտին, ապա ես ռեւանշի մասին չեմ մտածում, քանի որ դա շախմատիստներին խանգարում է ճիշտ տրամադրվել պարտիային: Եթե ես ցանկանում եմ հաղթել մրցաշարում, ապա պետք է հաղթեմ բոլոր մրցակիցներին», - ասել է Մամեդյարովը: