ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ` ԸՍՏ «Ա1+»-Ի
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի օրից հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. լավագույն մարզիկի անունը: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան արդեն սկսել է հարցումը, որին մասնակցում են մարզական լրագրողները: «Ա1+»-ը եւս ներկայացրել է լավագույն տասնյակի իր տարբերակը:
1.Տիգրան Վ. Մարտիրոսյան, ծանրամարտ
85 կգ քաշային այս ծանրորդը այս տարի դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իսկ ավելի վաղ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Տիգրանը նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավեց իր ցուցանիշները եւ կարողացավ 2 կարեւոր մեդալներ նվաճել Հայաստանի համար: Կոնկրետ Պեկինի օլիմպիական խաղերում Մարտիրոսյանին ծանր փորձություն էր սպասվում, քանի որ 85կգ քաշայինների պայքարում հանդես էին գալիս մի շարք տիտղոսակիր ծանրորդներ, բայց Տիգրանը կարողացավ ապահովել իր տեղը լավագույն եռյակում:
2. Յուրի Պատրիկեեւ, ըմբշամարտ
Նախորդ տարիներին հարցման մասնակիցները իրավունք չունեին նշել արտասահմանից հրավիրված մարզիկների անունները, բայց այս անգամ քվեարկության մրցակարգը այլ է, ուստի հավանական է, որ լավագույնների թվում լինի նաեւ ազգությամբ ռուս Յուրի Պատրիկեեւը: 120 կգ քաշայինների պայքարում հանդես եկող հունա-հռոմեական ոճի այս ըմբիշը վերջին տարիներին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ մեդալներով վերադառնում բոլոր հնարավոր մրցաշարերից:
2008թ. Եվրոպայի առաջնությունում Յուրան փայլուն հաղթանակ տոնեց` եզրափակիչում առավելության հասնելով Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկի` Հասան Բարոեւի նկատմամբ: Պեկինում Պատրիկեեւը արժանացավ բրոնզե մեդալի: Ընդհանրապես` Հայաստանը վաղուց գերծանր քաշային կարգում մեդալներ չէր ունեցել:
3.Գաբրիել Սարգսյան, շախմատ
Դրեզդենում կայացած շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի մեջ իր մեծ ներդրումը ուներ Գաբրիել Սարգսյանը, որը 11 հնարավորից 9 միավոր վաստակեց: Սարգսյանը դարձավ նաեւ Օլիմպիադայի լավագույն խաղացող:
4.Տիգրան Գ. Մարտիրոսյան, ծանրամարտ
Տիգրան Մարտիրոսյանը բավական երիտասարդ ծանրորդ է, սակայն հասցրել է արդեն մեծ թվով մեդալների արժանանալ: Այս տարի Տիգրանը դարձավ Եվրոպայի 69 կգ քաշայինների չեմպիոն, իսկ Պեկինում կայացած օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց:
5.Գեւորգ Դավթյան, ծանրամարտ
Գյումրեցի մեկ այլ ծանրորդ Գեւորգ Դավթյանը Պեկինում հայ մարզիկներից ամենամոտն էր ոսկուն, սակայն վճռորոշ մոտեցումը Դավթյանը ձախողեց` բավարարվելով բրոնզե մեդալով: Այլ խոշոր մրցաշարերի Գեւորգը չմասնակցեց:
6.Էդվարդ Համբարձումյան, բռնցքամարտ
17 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին չեմպիոն ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում: Միանգամից 2 հայ բռնցքամարտիկներ ոսկե մեդալի արժանացան, որոնցից մեկը Էդվարդն է: 64 կգ քաշայինների պայքարում Համբարձումյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին` դառնալով ուժեղագույնը «հին աշխարհամասում»:
7. Հովհաննես Դանիելյան, բռնցքամարտ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մյուս չեմպիոնը Հովհաննես Դանիլյանն էր, որը վերջին տարիներին բավական հաջող է հանդես գալիս միջազգային մրցաշարերում, սակայն նման լուրջ հաջողության հասավ առաջին անգամ:
8.Հրաչյա Ջավախյան, բռնցքամարտ
Վաղուց Հայաստանը օլիմպիական խաղերում մեդալ չէր ունեցել: Ավանդույթը խախտեց Հրաչյա Ջավախյանը, որը Պեկինից վերադարձավ բրոնզե մեդալով: 60 կգ քաշայինների պայքարում դառնալով մրցանակակիր, Ջավախյանը որոշ ժամանակ անց փոխեց քաշային կարգը եւ պատրաստվում է հանդես գալ 64 կգ քաշում:
9.Լեւոն Արոնյան, շախմատ
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը այս տարի թիմային մրցաշարերում առանձնապես չփայլեց, իսկ ահա անհատական մրցաշարերում ընդհանուր առմամբ Լեւոնը լավ հանդես եկավ: Եղան նաեւ անհաջող ելույթներ, բայց Արոնյանը հերթական անգամ ապացուցեց, որ լավագույններից մեկն է աշխարհում:
10.Արման Երեմյան, թաեքվանդո
Լավագույն տասնյակը եզրափակում է թաեքվանդոիստ Արման Երեմյանը, որը դարձավ մինչեւ 78կգ քաշայաինների Եվրոպայի 2008թ. չեմպիոն: Թաեքվանդոյում Հայաստանը վաղուց նման լուրջ հաջողության չէր առանձնացել:
Լավագույն թիմ
Շախմատի տղամարդականց եւ կանանց միացյալ հավաքական Անշուշտ լավագույնի կոչման գլխավոր հավակնորդը Հայաստանի շախմատի միացյալ հավաքականն է: Դրեզդենում կայացած օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պահպանեց չեմպիոնի կոչումը` եւս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանը շախմատային գերտերություն է, իսկ կանանց հավաքականը գրավելով 6-րդ հորիզոնականը` 2 տեղով բարելավեց իր նախորդ ցուցանիշը: