Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՀԱՐՄԱՐՎԵԼ Է ԻՐԱՆԻՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 2-րդ դարպասապահ Գեւորգ Կասպարովը մի քանի շաբաթ է Իրանի Թավրիզ քաղաքում է, որտեղ արդեն պայմանագիր է կնքել «Տերակտոր Սազի» թիմի հետ:

«Ներկայումս պայմանագիր եմ կնքել մինչեւ 2009թ. մայիս, սակայն առաջակում են նաեւ 2 տարվա պայմանագիր: Առայժմ չեմ որոշել` երկարձգել պայմանագիրը, թե` ոչ», - «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Կասպարովը:

Փորձառու դարպասապահը 2008թ. մրցաշրջանի 2-րդ կեսը անցկացրեց Երեւանի «Ուլիսում», իսկ Հայաստանի առաջնության ավարտից հետո մեկնեց հարեւան հանրապետություն. «Նոր ակումբս լավ տպավորություն է թողել: Ֆիզիկապես լավ թիմ է եւ իր առջեւ խնդիր է դրել նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր»:

«Տերակտոր Սազին» շուտով հանդես է գալու Իրանի առաջին խմբի մրցաշարում: Ներկայումս ըստ Կասպարովի թիմում ընդգրկված են հիմնականում իրանցի խաղացողներ. «Տեղացիները գերակշռում են թիմում: Կան նաեւ մեկական ֆրանսիացի եւ բրազիլացի խաղացողներ: Սպասվում է, որ թիմը առաջիկայում համալրում կստանա»:

Կասպարովը Իրանում հանդես գալու փորձ արդեն ունի: 2006-07թթ. 28-ամյա դարպասապահը հանդես է կել Թեհրանի «Պաս» թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանը անցկացրել է նույն քաղաքի «Ռահ Ահանում». «Իրանական ֆուտբոլը արդեն լավ ծանոթ է ինձ: Ֆուտբոլի մակարդակի կայուն աճ է նկատվում Իրանում: Ակումբների մասնակցությամբ հանդիպումներին մեծ թվով ֆուտբոլասերներ են գալիս մարզադաշտ: Ֆուտբոլը շատ մեծ մասսայականություն է վայելում այս երկրում»:

Ի դեպ, ներկայումս Իրանում հանդես է գալիս նաեւ մեկ այլ հայ դարպասապահ` 35-ամյա Արմենակ Պետրոսյանը: Վերջինս ելույթ է ունենում «Բանդար Աբաս» թիմում: Պետրոսյանը 1994-96թթ. Հայաստանի հավաքականի կազմում 7 հանդիպում է անցկացրեկ: