Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՂԱԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ


«Լողավազանների թիվը վերջին տարիներին ավելացել է, սակայն այսօր մենք դարձյալ չունենք լողի մասնագիտացված մարզադպրոց, ինչը շատ լուրջ խնդիր է մարզաձեւի զարգացման համար», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Սաֆարյանը:

Ներկայումս Հայաստանում գործում ընդամենը երկու 50 մ տարածությամբ լողավազան, իսկ մնացածները 25 մ երկարություն ունեն, որտեղ մարզվելը չի կարող արդյունավետ լինել: Աշխարհի եւ Եվորպայի առաջնությունները անցկացվում են բացառապես 50 մ երկարությամբ լողավազաններում:

«Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո սկսել է գործել Կոմիտաս փողոցի վրա գտնվող Հայաստանի խոշորագույն լողավազաններից մեկը, որը այժմ կոչվում է «Գոլդ ջիմ»: Այն ունի 50 մ երկարություն: Նման մեծության լողավազան կա նաեւ Ծաղկաձորում: Երեւանում մենք մարզվում են ամեն օր առավոտյան ժամը 7-9-ը: Լողավազանի ղեկավարությանը հնարավորություն է ընձեռել Հայաստանի լողի հավաքականին անվճար մարզվել, իսկ ծաղկաձորում տարվա մեջ 1-2 անգամ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում»,- նշեց Իգոր Սաֆարյանը:

Ֆեդերացիայի նախագահի հավաստմամբ` կան նաեւ մի շարք այլ լողավազաններ, որոնցում կարելի է մարզվել. «25 մ երկարությամբ մի շարք լողավազններ են գործում: «Նեպտունում» մենք վաղուց ենք մարզվում` անցկացնելով մեր 2-րդ մարզումը օրվա ընթացքում: Լավ լողավազան է կառուցվել ձմեռային «Ջրաշխարհում»: «Օրանժում» նոր ժամանակից լողվազան է գործում: Մարզերում Գյումրիում,Վանաձորում եւ Աբովյանում կան լողավազաններ»:

Գործող լողավազաններում լողի սկզբնական ուսուցում կատարվում է, սակայն հետագա մարզումային գործընթացի համար ըստ Իգոր Սաֆարյանի պետք է ունենալ մարզադպրոց. «Պետք է լինի մարզադպրոց, որտեղ երեխաները անվճար մարզվեն եւ ողջ տարին ստանան համապատասխան ուսուցում: Ներկայումս լողը թանկ հաճույք է: Շաբաթական 3-4 պարպունքի համար դեռահասների ծնողները ամսեկան պետք վճարեն 40-45 հազար դրամ, իսկ նման հնարավորություն քչերը ունեն»:

Մարզադպրոց ունենալու խնդիրը լողի ֆեդերացիան բարձրացրել է մի շարք կառույցներում եւ առաջիկայում ակնկալում է դրական լուծում. «Թե սպորտի նախարարությունը, թե օլիմպիական կոմիտեն այս խնդրին քաջատեղյակ են եւ գիտակցում են, որ լողը Հայաստանում առանց հատուկ մասնագիտացված մարզադպրոցի զարգանալ չի կարող: Իսկ սա այն մարզաձեւն է, որում մեծ թվով մեդալներ են խաղարկվում օլիմպիական խաղերում»:

Խոսելով հայ լողորդների 2008թ. ունեցած ելույթների մասին` Իգոր Սաֆարյանը նշեց, որ թարմացվել են Հայաստանի ռեկորդները. «Այս տարի մասնակցել ենք նախատեսված բոլոր մրցաշարերին: Իհարկե, մենք միայն լավագույններին ենք տանում խոշոր մրցաշարերի, քանի որ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս հավաքականում ընդգրկվել մեծ թվով լողորդների: Ընդհանուր առմամբ` մեր լողորդները հաջող հանդես եկան: Միքայել Քոլոյանը մասնակցեց նաեւ Պեկինի օլիմպիական խաղերին եւ Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100 մ տարածությունում»: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 17 լողորդները հունվարին պատրաստվում են մասնակցել հերթական ուսումնամարզական հավաքին, որը կկայանա Ծաղկաձորում: «Հայաստան կժամանեն Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները, որոնց հետ միասին մենք կմարձզվեն Ծաղկաձորի մարզաբազայում: Համատես նման հավաքների փորձ արդեն ունենք եւ դա շատ օգտակար է մեր լողորդների համար», - եզրափակեց Իգոր Սաֆարյանը: