ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այս օրերին շուրջերկրյա ճանապարհորդության մեջ է: Ռաուլ Մարկեսի հետ մրցամարտում պահպանելով Չեմպիոնական տիտղոսը` Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը որոշ ժամանակ անց ժամանեց Երեւան, ապա մեկնեց Մավրիկիա` անցկացնելու արձակուրդի մի մասը:
Ներկայումս Արթուրը պետք է լիներ ցրտաշունչ Բեռլինում, սակայն որոշել է մի փորք երկարացնել արձակուրդը եւ այժմ գտնում է անհամեմատ տաք կլիմայական պայմաններ ունեցող Հարավ-աֆրիկյան հանրապետությունում` ՀԱՀ-ում:
«Մեր ակումբի մենեջեր Վիլֆրիդ Սուերլանդը հրավիրեց Քեփթաունում գտնվող իր ամառանոց: Ես հաճույքով համաձայնվեցի»,- հայտարարել է Աբրահամը գերմանական ԶԼՄ-ների հետ ունեցած զրույցում:
ՀԱՀ-ում Արթուր Աբրահամին ընդունել է Քեփթաունի քաղաքապետ Հելեն Ցիլեն, որը հանդիսանում է ՀԱՀ-ի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը: Ցիլեն հանդիսանում է գերմանացի հայտնի նկարիչ Հայնրիխ Ցիլեի ազգանվանակիցը, ինչի կապացությամբ Արթուր Աբրահամը ասել է. «Ես լինելով իսկական բեռլինցի, իհարկե, ճանաչում եմ հայտնի նկարիչ Հայնրիխ Ցիլեին: Տիկին Ցիլեն ասաց ինձ, որ նրա նախնիները նույնպես Բեռլինից են»:
2010թ. ՀԱՀ-ում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ Աբրահամը նախատեսում է եւս մեկ անգամ ժամանել Աֆրիկայի հարավ. «Ես հիացած եմ ՀԱՀ-ի բնությունում: Կլիման եւ լանդշաֆտը տպավորիչ են: Այստեղ անհավանական գեղեցիկ է: Հույս ունեմ` շուտով կվերադառնամ այստեղ, ամենաուշը` 2010թ. աշխարհի առաջնության մրցավեճը»:
Շաբաթվա վերջում «Արթուր Արքան» կվերսկսի իր մարզումները Բեռլինում գտնվող Մաքս Շմելինգի անվան մարզադահլիճում, իսկ հաջորդ տարվա սկզբին անպարտելի բռնցքամարտիկը կփորձի հերթական անգամ պահպանել չեմպիոնի կոչումը:
Ի դեպ, գերմանական ԶԼՄ-ների հավաստմամբ Արթուր Աբրահամը 2008թ. ընթացքում վաստակել է 3.5 մլն եվրո: Այս տարի Արթուրը 3 մրցամարտ է անցկացրել, որոնցում վստահ հաղթանակներ է տոնել մրցակիցների նկատմամբ: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Աբրահամը 28 մրցամարտ է անցկացրել եւ նույնքան հաղթանակ տարել: