Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏՈՒՄ

Սպորտ


Մի շարք մարզաձեւերի հայաստանցի ներկայացուցիչներ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում մեկնել միջազգային մրցաշարերի: Թեեւ Հայաստանում անհատական մարզաձեւերի նկատմամբ ուշադրությունը անհամեմատ մեծ է, քան թիմայիններինը, սակայն ձյուդոյի, ծանրամարտի եւ թաեքվանդոյի Հայաստանի ֆեդերացիաները այս օրերին ստիպված են հրաժարվել մի շարք մրցաշարերից:


Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի դեկտեմբերի 12-14-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք «Kano cup» հեղինակավոր մրցաշարին:


Տոկիոյում արդեն հավաքվել են աշխարհի ուժեղագույն ձյուդոիստները, որոնց թվում են «Պեկին-2008»-ի հաղթողները, աշխարհի եւ տարբեր աշխարհամասերի առաջնությունների չեմպիոնները:


Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չի կարողացել մեր մարզիկներին ուղարկել մրցավայրը:


Ընդհանրապես ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում ընդգրկված մրցաշարերի թիվը բավական մեծ է եւ Հայաստանը ֆինանսական սուղ միջոցների պատճառով ստիպված է լինում բաց թողնել մի շարք կարեւորագույն ստուգատեսներ: Ձյուդոյի ֆեդերացիան պետբյուջեից տարեկան ստանում է 69 մլն դրամ:


Անհամեմատ շատ է ստանում ծանրամարտի ֆեդերացիան` 130 մլն դրամ: Բայց դա էլ չի բավականացրել, որպեսզի հայ ծանրորդները մասնակցեն նախատեսված բոլոր մրցաշարերին: Դեռեւս հոկտեմբերին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնել էին, որ տղամարդկանց մեծահասակների հավաքականը դեկտեմբերին Բելառուսում մասնակցելու է միջազգային մրցաշարի:


Պարզվեց, որ մերոնք չեն մեկնել Բելառուս, քանի որ ունեցած միջոցները հազիվ բավականացրել են մինչ այս տեղի ունեցած մրցաշարերին:


Ծանրամարտում եւս օրացույցը հագեցած է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականները մասնակցում են թե պատանեկան, թե երիտասարդական, թե մեծասահակասների մրցաշարերին: Վերջերս դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանը չկարողացավ մասնակցել Մոսկվայում կայացած թաեքվանդոյի Եվրոպայի ուսանողական առաջնությանը:


Ավելորդ չէ նշել նաեւ, որ թիմային մարզաձեւերից հանդբոլը, բասկետբոլը եւ վոլեյբոլը ողջ տարին են նման վիճակում: Թիմային այս մարզաձեւի Հայաստանի հավաքականները ողջ տարին մատնված են պարապուրդի եւ հազվադեպ են դուրս գալի միջազգային ասպարեզ, քանի որ չունեն հովանավորներ, իսկ պետբյուջեից ստանում են 15-18 մլն դրամ, ինչը հազիվ բավականացնում է Հայաստանում առաջնություններ կազմակերպելու համար: