ՃԱՂԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ
Աջակցիր «Ա1+»-ին
ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով իրեն քննադատողներին հրապարակային բանավեճ անցկացնել:
«Ես առաջարկությունը իմ էլեկտրոնային հասեցից ուղարկել եմ բոլոր ԶԼՄ-ներին: Եթե նույնիսկ 1 հոգի էլ արձագանքի եւ պատրաստ լինի բանավեճի, ես պատրաստ եմ կազմակերպել այն: Կորոշվի բանավեճի օրը, ժամը: Օրինակ` այն կարող է կայանալ ՀՖՖ-ի դահլիճում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արարատ Ճաղարյանը:
Նրա հայտարարությամբ մեջ մասնավորապես ասվում է. «2008 թվականի նոյեմբերի 19-ին ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոնի որոշման համար նշանակված «Փյունիկ»-«Արարատ» լրացուցիչ խաղից հետո իմ հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ` «կողմնակալ լինելու» եւ «պատվեր կատարելու վերաբերյալ»: Գտնում եմ, որ այդ մեղադրանքները, որոնք որոշ դեպքերում վերածվել են անձնական վիրավորանքների, մտացածին են եւ անհիմն: Ես չեմ ցանկանում նույն ոճով պատասխանել մեղադրողներին, եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայկական ֆուտբոլի եւ մասնավորապես մրցավարության վիճակով, հրավիրում եմ հրապարակային բանավեճի»:
Եթե քննարկումը կայանա, ապա դրա ընթացքում հիմնական շեշտը կդրվի «Փյունիկ» -«Արարատ» լրացուցիչ խաղի մրցավարության վրա: Արարատ Ճաղարյանը հայտնեց նաեւ, որ այդ քննարկմանը կարող են մասնակցել նաեւ «Արարատ» ակումբի ներկայացուցիչները, որոնք եւս տարբեր ԶԼՄ-ներով հանդես են եկել սուր քննադատությամբ: