«ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՑԱՎՈՒՄ ԷԻՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ»
Աջակցիր «Ա1+»-ին
«Երբ տղաներից որեւէ մեկը ավարտում էի իր պարտիան, ապա չէր հեռանում, մնում, սպասում էր, ցավում էր իր մյուս խաղընկերոջ համար: Մի շարք այլ հավաքականներում նման բան չկար: Ով ավարտում էր պարտիան, հեռանում էր: Թիմային ոգին մեր հավաքականում շատ բարձր էր», - այսօր «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը օլիմպիադայում ընդամենը 9-րդն էր իր վարկանիշով, սակայն զարմացրեց շատերին` դառնալով չեմպիոն.
«Մեզանից բարձր վարկանիշ ունեին մի շարք հավաքականներ: Ռուսաստանը միանգամից 100 վարկանիշային միավորով առաջ էր մեզանից: Սա հսկայական տարբերություն է: Բարձր վարկանիշ ունեին նաեւ Ուկրաինան, Չինաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Բուլղարիան, Հնդկաստանը: Շատ մեծ հաջողություն է 2 անգամ օլիմպիադայում հաղթելը: Նման բան հաջողվել է միայն Ռուսաստանի եւ ԽՍՀՄ հավաքականներին»:
Ասուլիսին ներկա էին նաեւ մյուս գրոսմայստերները: Լեւոն Արոնյանը մասնավորապես նշեց, որ հաղթանակում մեծ լումա ունի թիմի գլխավոր մարզիչը` Արշակ Պետրոսյանը.
«Նախկինում էլ մենք լավ թիմ ունեինք, պայքարում էինք բարձր տեղերի համար, բայց ինչ-որ բան չէր հերիքում չեմպիոնության համար: Երբ թիմ վերադարձավ Արշակ Բագրատիչը ( Պետրոսյանը-խմբ.) սկսեցինք ավելի վստահ, հաղթանակներ տոնել: Նա նոր լիցքը հաողորդեց հավաքականին»:
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղ ցուցադրած Գաբրիել Սարգսյանն էլ նշեց, հավաքականի անդամները ոչ մի դեպքում չեն հեռանա Հայաստանի հավաքականից. «Դեռ ավելին, առաջիկայում արտասահմանում հանդես եկող հայ տաղանադավոր շախմատիստներն են գալու եւ հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո»:
Օլիմպիադայում Հայաստանի կազմում միակ նորեկը Տիգրան Պետրոսյանն է, որը փոխարինել էր լուսահոգի Կարեն Ասրյանին: Պետրոսյանը ասաց, որ այս հանգամանքը պարտավորեցնող էր. «Կրկնակի պատասխանատվությամբ էի հանդես գալիս: Տղաները արդեն օլիմպիադայում հանդես գալու փորձ ունեին, սակայն ես առաջին անգամ էի մասնակցում: Նրանց եւ մարզչի աջակցությամբ արագ մերվեցի: Մեկնարկային պարտիաները հաջող ստացվեցին եւ այդպես շարունակվեց: Պարտավորեցնում է նաեւ այն հանգամանքը, որ կրում եմ աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անուն ազգանունը»:
Տղաների հաջող ելույթները ստվերում են թողել Հայաստանի կանանց հավաքականին, որը եւս հաջող հանդես եկավ օլիմպիադայում: Մեր շախմատիստուհիները գրավեցին 6-րդ հորիզոնականը: Արշակ Պետրոսյանի կարծիքով սա շատ բարձր արդյունք է. «Մեր աղջիկներից եւս գոհ եմ: Նրանք վերջին տարիներին շատ կայուն են հանդես գալիս եւ այս անգամ էլ բավական բարձր հորիզոնականում հայտնվեցին: 100-ից ավել մասնակիցների շարքում 6-րդ տեղը դա շատ լավ արդյունք է»: