Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏԸ` ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ


Շախմատի աշխարհի 2006թ. մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Ռոբերտ Աղասարյանը անհաջող է հանդես եկել Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում: 12 շախմատիստների պայքարում, Ռոբերտը բաժանել է 10-11-րդ հորիզոնականները:


Ավանդական այս մրցաշարը նվիրված է ռուս հրաշամանուկ Վանյա Սոմովի հիշատակին: 1990թ. ծնված Սոմովը անչափ տաղանդավոր շախմատիստ էր, որը կյանքից հեռացավ 12 տարեկան հասակում: 2003թ-ից ամեն տարի Կիրիշիում անցկացվում է նրա հիշատակի հուշամրցաշարը:


Այս անգամ «Աշխարհի պատանի աստղեր»-ի պայքարին մասնակցելու հրավեր էին ստացել Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Բելառուսի ներկայացուցիչները:


Հայաստանը ներկայացնում էր 14-ամյա Ռոբերտ Աղասարյանը, որն իր հնարավորություններից խիստ ցածր հանդես եկավ: Անցկացրած 11 պարտիաներից 7-ում հայ շախմատիստը զիջեց մրցակիցներին, 1 պարտիա ավարտեց հաղթանակով, իսկ մնացած 3 պարտիաներում վաստակեց կեսական միավոր: 2.5 միավորով Ռոբերտը Վրաստանի ներկայացուցիչ Նազի Պայկիձեի հետ բաժանեց 10-11-րդ հորիզոնականները: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շիմանովը, որը վաստակել էր 9.5 միավոր: Վերջինս Ռուսաստանի մինչեւ 16 տարեկանների չեմպիոնն է: