ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԾԵԾԵ՞Լ Է ՍԻՄՈՆՈՎԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
«Արարատ» ակումբի պատրաստվում է առաջիկա օրերին հայց ներկայացնել դատախազություն ընդդեմ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Ըստ ակումբի ղեկավարների` Հայրապետյանը նոյեմբերի 15-ին ծեծի է ենթարկել «Արարատի» գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Սիմոնովը հայտարարեց, որ դեպքը կատարվել է նոյեմբերի 15-ին, Հայաստանի առաջնության 28-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» (0:1) մրցավեճից հետո:
«Ես շատ ուրախ էի, որ հաղթեցինք եւ մտնելով խաղադաշտ` նայելով դեպի տրիբունաները, ասացի, որ մենք չեմպիոն ենք դառնալու, քանի որ առջեւում ոսկե հանդիպումն էր: Ես ՀՖՖ նախագահի հասցեին ոչինչ չեմ ասել, բայց դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը խաղադաշտում ինձանից պարզաբանումներ ուզեց»,- ասաց Վարուժան Սիմոնովը:
Վերջինիս տեղեկացմամբ` քիչ անց Հայրապետյանի տղաներից մեկը իրեն տարել է անհայտ մի վայր. «Մեր ակումբի աշխատակիցներից մեկը ինձ տարավ դեպի մեքենան, քանի որ Հայրապետյանը շատ զայրացած էր: Երբ մենք ուզում էինք հեռանալ, մեզ մոտեցավ Հայրապետյանի տղաներից մեկը եւ մեզ տարավ անհայտ մի վայր: Մեզ հետ էր նաեւ ակումբի աշխատակցի 7 տարեկան աղջիկը: Մենք հայտնվեցինք մի անհայտ վայրում, որտեղ ինչ-որ շինարարական աշխատանքներ էին կատարվում: Այնտեղ էին նաեւ Հայրապետյանի թիկնապահները: Քիչ անց եկավ նաեւ Ռուբեն Հայրապետյանը, որը սկսեց ինձ վիրավորել եւ 2-3 անգամ հարվածեց: Բարեբախտաբար, դեպքի վայր եկավ իմ ընկերներից մեկը եւ տարավ մեզ այդտեղից»:
Կատարվածի մասին որոշ տեղեկություններ «Ա1+»-ը ուներ դեռեւս նոյեմբերի 17-ին: Նույնը օրը մենք փորձեցին տեղեկություն ստանալ Վարուժան Սիմոնովից, սակայն նա հերքեց, թե ընդհարում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ եւ նշեց, որ կատարվածը թուրիմացություն է:
«Այո, ես այն ժամանակ չխոսեցի այս մասին, քանի որ առջեւում ոսկե հանդիպումն էր: Մենք մտածում ենք ֆուտբոլի մասին եւ չցանկացանք ավելի շիկացնել մթոնոլորտ»,-արդարացավ Սիմոնովը:
Ասուլիսին ներկա էր նաեւ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը, որի կարծիքով կատարվածի համար ՀՖՖ նախագահը պետք է պատժվի. «Կան ապացույցներ եւ մենք մինչեւ երկուշաբթի դիմելու ենք դատախազություն: Ֆեդերացիայի նախագահը պետք է կրի իր պատիժը: Ես հուսով եմ, որ Հայաստանում օրենքը ուժ ունի»:
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ «Փյունիկ»-«Արարատ» (2:1) ոսկե հանդիպման մասին: Ըստ Վարուժան Սիմոնովի` ՀՖՖ-ն իրավունք չուներ հանդիպումից առաջ չեղյալ համարել «Փյունիկի» 2 խաղացողների որակազրկումը. «Ֆեդերացիան որոշել էր հանել «Փյունիկի» խաղացողներ Մալքայանի եւ Եդիգարյանի որակազրկումները, իսկ «Արարատից» Հրայր Մկոյանինը: Եվրոպայում նման բան չկա: Եթե առաջնությունը շարունակվում է, ապա որակազրկումները չեն կարող հանվել: Իսկ հանդիպման մրցավարության մասին խոսելը անիմաստ է, դուք բոլորտ տեսաք, թե ինչ է կատարվել»:
Ոսկե հանդիպմանը «Արարատի» կազմում կարմիր քարտի արժանացած Արտակ Գրիգորյանը եւս ներկա էր ասուլիսին եւ նշեց, որ իրեն մրցավարը անարդարացիորեն է հեռացրել խաղադաշտից. «Խաղավերջում մրցավարը 11 մետրանոց նշանակեց մեր դարպասին, իսկ ինձ ցույց տվեց դեղին քարտ: Երբ 11 մետրանոցը չիրացվեց, ես ձեռքերս պարզելով վեր ասացի, որ վերեւը Աստված կա, եւ արդարությունը հաղթեց: Այդ պահին մրցավար Արարատ Ճաղարյանը անմիջապես հեռացրեց ինձ խաղադաշտից»:
«Արարատ» ակումբը արդեն դիմել է ՈՒԵՖԱ-ին, սակայն կոնկրետ ակնկալիքներ չունի: «ՈւԵՖԱ-ն պետք է որոշի, թե ինչ պատիժ է հասնում ՀՖՖ-ին»,-ասաց Վարուժան Սիմոնովը: