«ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱ, ԲԱՆԱԿ ԿՏԱՆԵՆ»
Աջակցիր «Ա1+»-ին
«Յուրաքանչյուր դիրքի համար 2 թեկնածու ունենք, եւ թեժ մրցակություն է ընթանում հիմնական կազմում հայտնվելու համար: Թեկնածուների շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդները: Կարելի է ասել ընդլայնված կազմով ենք մարզվում», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Հավաքի հիմնական նպատակը խաղացողների ֆիզիկական պատրաստվածության բարելավումն էր: Փետրվարին Հայաստանը մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, եւ սա փաստորեն առաջին հավաքն էր կարեւոր ստուգատեսից առաջ:
«Հրավիրված են տեղեացի ֆուտբոլիստները` թվով 16 խաղացող: Լեգեոներները ներկայումս իրենց ակումբների կազմերում շարունակում են իրենց ելույթները եւ Ծաղկաձորում մենք մարզվեում ենք առանց նրանց: Հրավիրված խաղացողները ներկայացնում էին հիմնական «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին»: Ունենք խաղացողներ նաեւ «Եվրոպայից» եւ «Արսենալ Նոր-Նորքից»: Վերջինիս կազմից հավաքականում է Արմեն Գուլամբարյանը»,- նշեց Ռուբեն Նազարեթյանը:
Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկի» կազմից հավաքին որեւէ մեկը չի մասնակցում: Գլխավոր մարզիչը այդ հանգամանքը բացատրեց այսպես.««Պոլիտեխնիկում» հիմնականում հանդես են գալիս տարիքով խաղացողներ, չնայած թեկնածու կարող էր լինել նաեւ այս թիմից: Իմ տեսադաշտում էր պարսկահայ մի խաղացող: Բայց նա անձնագրի խնդիր ունի: Եթե Հայաստանի քաղաքացիություն ստանա, ապա բանակ կտանեն: Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի անձնագիր չունի»:
Նազարեթյանը ընդծեց, որ ներկայումս Հայաստանը արտասահմանում ունի մի քանի լեգեոներներ, որոնք պատասխանատու հանդիպումներին օգնեն մեր ընտրանուն. «Էռնետս Ակոպովը ելույթ է ունենում Վրաստանի չեմպիոն «Իբերիայի» կազմում: Արմեն Դանիելյանը շարունակում է ելույթները Կիպրոսի «Արարատում», որը տեղի առաջատար թիմերից է, Կիպրոսի բազմակի չեմպիոն: Էդգար Կիրակոսյանը ներկայումս լիբանանյան «Նժմե» թիմում է: Կարոն Հովհաննիսյանն էլ Մոսկվայի ԲԿՄԱ-ում է ելույթ ունենում»:
Հավաքականի գլխավոր մարզիչը այս ընթացքում փորձելու է նաեւ տեղեկություններ ստանալ մրցակիցների մասին.«Շուտով մերձբալթյան երկրների մասնակցությամբ ֆուտազլի մրցաշար է կայանալու, որին մասնակցելու են նաեւ մեր մրցակից Էստոնիայի եւ Լատվիայի հավաքականները: Կփորձենք նրանց մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները ձեռք բերել: Մեր 3-րդ մրցակից Բուլղարիայի մասին տեղեկություն չունենք»:
Նազարեթյանը տեղեկացրեց նաեւ, որ հունվարին Հայաստանի հավաքականը ամենայն հավանականությամբ կմասնակցի միջազգային որեւէ մրցաշարի, որը կլինի ուժերի վերջին փորձարկումը ընտրական փուլի մեկնարկից առաջ: