Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԸ» ՄՈՍԿՎԱ ԿՄԵԿՆԻ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՓՈԽԱՐԵՆ

Սպորտ

«Համագործակցության գավաթի» խաղարկությունում հաջորդ տարի Հայաստանը կներկայացնի Երեւանի «Արարատը»: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը:

ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների միջեւ անցկացվող ավանդական մրցաշարին մասնակցում են չեմպիոնները, սակայն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 3-րդ տարին անընդմեջ հրաժարվել է մասնակցել մոսկովյան ստուգատեսին: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ավելի վաղը նշել էր, որ «Համագործացության գավաթի» խաղարկությունը չի մտնում իրենց նախապատրաստական փուլի մեջ: Կար նաեւ վարկած, որ «Փյունիկը» 2006թ. հրաժարվելով մրցել «Նեւֆթչիի» հետ հանդիպմանը ցմահ որակազրկվել է: Սակայն այս տեղեկությունը օրերս հերքեց «Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը` հայտարարելով, որ ակումբը որակազրկման որեւէ որոշում չի ստացել:

Եթե չեմպիոնը հրաժարվում է, ապա մրցաշարին մասնակցելու իրավունք է ստանում փոխաչեմպիոնը` տվյալ դեպքում «Արարատը»: Մրցաշարը կկայանա 2009թ հունվարի 17-25-ը: 2008թ. «Համագործակցության գավաթը» խաղարկվեց Սանկտ Պետերբուրգում, քանի որ Մոսկվայում գտնվող խոշորագույն մարզահամալիրը վերանորոգվում էր: «Համագործացության գավաթի» վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում գտնվող «Ֆուտբոլի տանը»: Արդեն հայտնի է, որ Ռուսաստանի չեմպիոն «Ռուբինը» մրցաշարին կմասնակցի 2-րդ կազմով: ԱՊՀ չեմպիոնների պայքարին չի մասնակցի Բելառուսի առաջնության հաղթող ԲԱՏԵ-ն, որի փոխարեն Մոսկվա կուղեւորվի ՄՏԶ-Ռիպոն, որտեղ ժամանակին հանդես էր գալիս Համլետ Մխիթարյանը:

Ի դեպ, Երեւան է ժամանել «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը: Շվեյցարահայ գործարարը վաղը պատրաստվում է հանդիպել լրագրողների հետ եւ խոսել ակումբի շուրջ վերեջրս ծավալված իրադարձությունների մասին: Հայտնի է, որ Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Արարատը» (2:1) ոսկե հանդիպումը մեծ աղմուկ բարձրացրեց: «Արարատի» ներկայացուցիչները հանդիպումից հետո հայտարարեցին, որ բողոքարկելու են: Ակումբը գտնում էր, որ ՀՖՖ-ն իրավունք չուներ հանդիպումից առաջ հանել «Փյունիկի» խաղացողների որակազրկումը: Բացի այդ «Արարատի» ներկայացուցիչները դժգոհ էին հանդիպման մրցավարությունից: