Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ

Սպորտ

Շախմատի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ այսօր կայանալիք խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են ադրբեջանցիներին: Նախկինում Հայաստանի շախմատիստները մշտապես ֆավորիտ են եղել Ադրբեջանի հետ հանդիպումներում:

Բայց ընթացիկ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը իր վարկանիշով 9-րդն է, իսկ Ադրբեջանը 4-րդը, ուստի հարեւան երկրի շախմատիստների հաղթանակի համար սահմանվել է 2.40 գործակից: Հայաստանի հաղթանակի վրա խաղադրույքներ են ընդունվում 3.00 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 2.70 գործակից:

6-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը կլինի Թեմուր Ռաջաբովը (2752): Վերջին տարիներին այս շախմատիստների բազմիցս հանդիպել են միմյանց միջազգային սուպերմրցաշարերում: Պարտիաները անցել են փոխնիփոխ հաջողություններով, սակայն Արոնյանը որոշակի առավելություն ունի Ռաջաբովի հետ անձնական հանդիպումներում: Ռաջաբով-Արոնյան մրցամարտում, ըստ բուքմեյքերների, հավանական է ոչ-ոքի արդյունք, որի համար սահմանվել է 1.57 գործակից:

2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարովը (2731), 3-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը (2642) կհանդիպի Վուգար Ղաշիմովին (2703), իսկ 4-րդ վրա Տիգրան Պետրոսյանը (2629)` Ռաուֆ Մամեդովին (2631): 2 հավաքականներն էլ ընթացիկ օլիմպիադայում վաստակել են 9-ական միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում:

Կանանց Հայաստանի հավաքականը այսօր կհանդիպի Ուկրաինայի հետ, որն իր վարկանիշով 2-րդն է մրցաշարում: Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) մրցակիցը կլինի Կատերինա Լահնոն (2488): Լիլիթ Մկրտչյանը (2443) կհանդիպի Տալիա Ժուկովային (2488), Նելլի Աղինյանը (2325)` Աննա Ուշենինային (2496), Լիլիթ Գալոյանը (2305)` Նատալիա Զդեբսկային (2419):

Ուկրաինայի հաղթանակի համար այս մրցամարտում սահմանվել է 1.50 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակը գնահատվել է 5.30: