Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Սպորտ

Հայաստանի առաջնության ոսկե «Արարատ»-«Փյունիկ» հանդիպմանը հետեւելու համար հայ ֆուտբոլասերները պետք է վճարեն 3-10 հազար դրամ: Համեմատենք այս գները եվրոպական ակումբների տոմսերի գների հետ: Ռուսաստանում առաջնության հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին բարձրացել է, ուստի ակումբները մեծ եկամուտներ են ստանում նաեւ տոմսերի վաճառքից:

Նալչիկում տեղի «Սպարտակի» հանդիպումները դիտողների զգալի մասը մրցաշրջանի սկզբում գնում են տարեկան աբոնեմենտ, որը թույլ է տալիս ներկա գտնել «Սպարտակի» սեփական հարկի տակ անցկացվող բոլոր հանդիպումներին: Նման իրավունք ստանալու համար նալչիկցիները վճարում են 3000 ռուբլի (33 հազար դրամ), իսկ VIP տեղերը արժեն 15 հազար ռուբլի:

Այլ են գները Մոսկվայի «Սպարտակի» մոտ: Օրինակ նոյեմբերի 20-ին կայանալիք «Սպարտակ»-«Զենիթ» առաջնության վերջին տուրի հանդիպմանը «Լուժնիկիում» հետեւելու համար պետք է վճարել նվազագույնը 200 ռուբլի: Իսկ VIP –տեղերի գները հասնում են 18 հազար ռուբլու:

Մոսկվայի մեկ այլ ակումբի` «Լոկոմոտիվի»` սեփական հարկի տակ հանդիպումների տոմսերը արժեն 100-1000 ռուբլի, իսկ VIP տեղերում գտնվելու համար ֆուտբոլասերները պետք է վճարեն 2500-10000 ռուբլի:

Ուկրաինայի առաջատար ակումբներից Դոնեցկի «Շախտյորը» տոսմերը վաճառում է 1-22 ԱՄՆ դոլարին համարժեք ուկրաինական գրիվնայով: Այլ են գները Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում: Քաղաքի թիմերից ամենաթանկը «Արսենալն» է, որի մասնակցությամբ ամենաէժան տոմսերը արժեն 48 եվրո, իսկ առավելագույն` 94: Հատուկ զեչեր են գործում երեխաների համար: «Չելսին» իր տոմսերը վաճառում է 50-65 եվրոյով: Նույնքան գումարով կարելի է ներկա գտնվել նաեւ ֆրանսիական «Լիոնի» հանդիպումներին:

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» մարզադաշտը` «Նոու Քամփը», ամենաեկամտաբերներից է աշխարհում: Այն ունի շուրջ 98 հազար նստատեղ, եւ բավական հաճախ մարզադաշտում «ասեղ գցելու տեղ» չկա: Իսպանիայի առաջնության հանդիպումների ամենաէժան տոմսերը այստեղ արժեն 37 եվրո: Հսկայական մարզադաշտի 1-ին կատեգորիայի տրիբունաներից հանդիպումներին հետեւելու համար կատալոնացիները վճարում են 103 եվրո, իսկ VIP-տեղերի գները տատանվում են 118-207 եվրոյի սահմաններում: