«ԲԱՆԱՆՑՈՒՄ» ՄՆԱՑ ՉՈՐՍ ԼԵԳԵՈՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցը» հրաժարվել է իր կազմում ընդգրկված լեգեոներներ Եվգենի Մատյուգինի, Վիտալի Լեդենյովի եւ Դմիտրի Պարխոմենկոյի ծառայություններից: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը:
Գալիք մրցաշրջանում թիմում չեն լինի նաեւ փորձառու Եղիշե Մելիքյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը, որոնց պայմանագրերի ժամկետը շուտով ավարտվում է: 29-ամյա Եղիշե Մելիքյանը կրում էր նաեւ «Բանանցի» թեեւկապը:
2000-01թթ. մրցաշրջաններում հանդես գալով «Բանանցի» կազմում` Մելիքյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ անցկացնելով 4 մրցաշրջան, հայտնվեց Ալչեւսկի «Ստալում», իսկ 2007թ. վերադարձավ «Բանանց»:
30-ամյա Ռոմիկ Խաչատրյանը «Բանանցում» հայտնվեց տարեսկբզին, սակայն վնասվածքների պատճառով մասնակցեց ոչ բոլոր հանդիպումներին:
Սարգիս Իսրայելյանը տեղեկացրեց, որ «Բանանցում» իրենց ելույթները կշարունակեն 4 լեգեոներներ. «Թիմում կմնան Նոա Կասուլեն, Սիմեոն Զլատեւ, Մարկո Գանչեւը եւ Անդրեյ Բուրդիյանը»:
Զլատեւը եւ Գանչեւը բուլղարացիներ են, որոնք Հայաստան ժամանեցին տարեկզբին դեռեւս «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ:
«Բանանցը» 2008թ. Հայաստանի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, թեեւ նախորդ 2 տարիներին թիմը դարձել էր արծաթե մեդալակիր: 2008թ. «Բանանցի» պատմության ընթացքում ռեկորդային քանակությամբ փոփոխություններ եղան: Թիմից տարբեր պատճառներով հեռացան մի շարք ֆուտբոլիստներ, տեղի ունեցավ 4 մարզչական փոփոխություն: