«ԱՐԱՐԱՏ»-«ՓՅՈՒՆԻԿ». ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է
Աջակցիր «Ա1+»-ինՉեմպիոնի կոչման համար այսօր ոսկե հանդիպում են անցկացնելու 2 երեւանյան թիմեր, որոնք հարաբերությունները մեղմ ասած լարված են: Նման հանդիպում Հայաստանի առաջնություններում դեռ չի եղել: Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում կողմերը ընթացիկ առաջնությունում 7-րդ անգամ կմրցեն իրար հետ:
Նախորդ 6 հանդիպումներից 3-ում հաղթել է «Արարատը», 2-ում` «Փյունիկը» եւ եւս մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
«Արարատը» գնդակների տարբերությամբ եւս առջեւում է` 6:3: Չնայած վիճակագրությունը այս տարի «Փյունիկի» օգտին չէ, սակայն բուքմեյքերները հավատում են հենց այս թիմի հաղթանակին:
Հայաստանի նախորդ 7 տարիների անփոփոխ չեմպիոնի հաղթանակի համար սահմանվել է 1.95 գործակից, իսկ «Արարատի» հաղթանակի վրա խաղադրույքներ է ընդունվում 3.75 գործակցով: Ոչ-ոքիին գնահատվել է 2.75 գործակցով:
«Մենք գնում ենք դեպի չեմպիոնություն», - դեռեւս 10 օր առաջ ասում էր «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը խաղի նախօրեին եւս կրկնեց այս բառերը: «Արարատը» համար հանդիպումը բացառիկ է: Հայաստանի ամենահեղինակավոր ակումբը շուրջ 15 տարի առաջ է վերջին անգամ նվաճել չեմպիոնի կոչումը, իսկ 1995թ. անցումնային առաջնությունում «Արարատը» եւս մոտ էր չեմպիոնությանը, սակայն «Շիրակի» հետ ոսկե հանդիպումը որոշվեց չանցկացվել:
Բացի այդ «Արարատը» 2008թ. Հայաստանի գավաթակիրն է եւ չեմպիոնի կոչումը նվաճելու դեպքում` կկրկնի 1993թ. հաղթական «դուբլը»: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ նույն տարում գավաթակիր եւ չեմպիոն 1998թ. դարձել էր Արարատի «Ցեմենտը»:
Իսկ «Փյունիկի» համար չեմպիոնական տիտղոսը նվաճել արդեն ավանդույթ է դարձել: Հայաստանի առաջնություններում այս թիմը 10 անգամ դարձել է չեմպիոն, բայց այս տարին «Փյունիկի» համար եւս բացառիկ է:
Գործող չեմպիոնը մրցաշրջանը անցկացրեց բացառապես տեղի ֆուտբոլիստներով, որոնց գերակշիռ մասը երիտասարդներ են: Փորձառու Սարգիս Հովսեփյանի եւ Կարեն Դոխոյանի կողքին հանդես են գալիս Հայաստանի մինչեւ 19 տարեկանների եւ երիտսարդական հավաքականի ֆուտբոլիստներ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմի կազմում չեմպիոնի կոչմանը արժանացել է թե որպես ֆուտբոլիստ, թե մարզիչ: 34-ամյա Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում հաղթել է 2004թ. առաջնությունում: