«ԱՐԱՐԱՏԻՆ» ՄԵՐԺԵԼ ԵՆ, ԻՍԿ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»` ՈՉ
Աջակցիր «Ա1+»-ինՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վաղը կորոշվի Հայաստանի 2008թ. չեմպիոնը: Սակայն հանդիպումից առաջ մարզադաշտում մարզվելու հնարավորություն է ստացել միայն «Փյունիկ» ակումբը:
«Արարատը» «Հանրապետականում» չի մարզվելու: Ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ ՀՖՖ-ն թույլ չի տվել, որ «Արարատը» խաղից մեկ օր առաջ մարզվի մարզադաշտում եւ հարմարվի խոտածածկին:
Փոխարենը «Արարատը» այս րոպեներին մարզվում է Ձորաղբյուրում գտնվող իր մարզաբազայում: Իսկ «Փյունիկը» վերջին մարզումն է անցկացնում «Հանրապետականում»:
ՀՖՖ-ն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: «Ա1+»-ին Ֆեդերացիայում խոստացան պատասխանել ավելի ուշ: Ի դեպ, այսօր «Փյունիկ»-«Արարատ» լրացուցիչ խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Արարատ Ճաղարյանը: Նրան կօգնեն Սուրեն Բալիյանը — Արթուր Հ. Մուրադյանը: 4-րդ մրցավարը Վահան Մինասյանն է:
Արարատ Ճաղարյանը 3-րդ անգամ անընդմեջ կվարի «Արարատի» մասնակցությամբ հանդիպում:
ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավարի կոչում ունեցող Ճաղարյանը վարել է նաեւ 27-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար», 28-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները: Հենց «Արարատ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ ստացած կարմիր քարտի պատճառով էլ ոսկե հանդիպումը բաց կթողնի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը որակազրկվել է 5 խաղով եւ տուգանվել 150 հազար դրամով: Վաղը մրցավեճին պահեստայինների նստարանին չի լինի նաեւ «Արարատի» գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովը: ՀՖՖ-ն Սիմոնովին որակազրկել է 10 խաղով «Փյունիկ»-«Արարատ» 28-րդ տուրի հանդիպումից հետո որոշակի «ժեստիկուլյացիա» թույլ տալու համար: