«ԱՐՑԱԽ»-Ի ԹԻՄԵՐԸ ՈՐԱԿԶՐԿՎԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի որոշել է որակազրկել «Արցախ» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերին, որոնք հանդես էին գալիս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ նման քայլի են գնացել արցախցիների կողմից ցուցաբերված անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ պահվածքի համար:
«Արցախի» կանանց թիմը հնարավորություն էր ստացել պայքարել 3-րդ տեղի համար, որտեղ նրա մրցակիցը Արարատ քաղաքի համանուն թիմն էր: Սակայն, «Արցախը» չի ներկայացել առաջին հանդիպմանը, որի համար թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել 0:20 հաշվով:
Այդպիսով` «Արցախը» զրկվել է բրոնզե մեդալների համար պայքարից, իսկ ակումբի ղեկավարությունը բասկետբոլի ֆեդերացիային այդպես էլ չի հիմնավորել խաղին չներկայանալու պատճառները:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշել է որակազրկել նաեւ տղամարդկանց թիմին, որը պատկանում է նույն ակումբին: «Արցախի» տղամարդկանց թիմը եւս կարող էր դառնալ բրոնզե մեդալակիր, որի համար պայքարում էր «Գյումրիի» հետ: Առաջին 2 հանդիպումներից հետո հաշիվը հավասար էր` 1:1
ՀԲՖ-ում հայտնեցին, որ 2008թ. մրցաշրջանում բազմիցս ընդառաջել են «Արցախ» ակումբին, հնարավորության դեպքում ցուցաբերել աջակցություն, ձեռք մեկնել տարբեր հարցերում: Մասնավորապես ֆեդերացիան տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ «Արցախ»-«Պոլիտեխնիկ» հանդիպումները որոշել էր անցկացնել «Արցախի» հարկի տակ: Այս որոշման շնորհիվ «Արցախը» ազատվել արտագնա հանդիպման համար պահանջով ծախսերից:
Ֆեդերացիան հաջորդ մրցաշրջանում «Արցախի» 2 թիմերին չի պատրաստվում ներկայացնել մասնակիցների ցանկում, եթե ակումբի ղեկավարությունը նախապես երաշխիքներ չներկայացնի, որ տղամարդկանց եւ կանանց թիմերը մասնակցելու են առաջնության բոլոր խաղերին: