ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ /լրացված/
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլասերներից շատերը դժգոհ են, որը վաղը կայանալիք «Արարատ»-«Փյունիկ» ոսկե հանդիպման տոմսերը արժեն 3000-10000 դրամ:
«Այսօր Հայաստանում քանի՞ հոգի կարելի է գտնել, որոնք ի վիճակի են 10 հազար դրամ տալ Հայաստանի առաջնության հանդիպում դիտելու համար: Նույնիսկ Հայաստան-Թուրքիա խաղին տրիբունաները չլցվեցին, որովհետեւ ներկայումս մեր երկրի սոցիալական վիճակը թույլ չի տալիս նման թանկ տոմսեր գնել»,-«Ա1+»-ի խմբագրություն զանգահարելով ասաց ֆուտբոլասեր Արամը:
Ի դեպ, ֆուտբոլասերների մի մասը կարծում է, որ ՀՖՖ-ն նման թանկ տոմսեր դիտավորյալ է սահմանել:
«Բոլորն էլ գիտեն, որ «Արարատը» երկրպագուների մեծ բանակ ունի, իսկ «Փյունիկին» միայն նրա մարզադպրոցում սաներն են քաջալերում ու ֆուտբոլիստների հարազատները եւ բարեկամները, որոնք հրավիրատոմսերով էլ կգան մարզադաշտ: ՀՖՖ-ն ամեն ինչ արել է, որ «Արարատին» աջակցողներ չլինեն», - կարծում է 25-ամյա Տիգրանը:
Ֆուտբոլասերներից շատերը գտնում են, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, որը հանդիսանում է նաեւ «Փյունիկ» ակումբի հովանավորը:
«Եթե Ռուբեն Հայրապետյանը չլիներ «Փյունիկի» սեփականատերը, ապա նա երբեք թույլ չէր տա նման բան»,-ասաց 32-ամյա Արտակը:
Ֆուտբոլասերները նամակ են պատրաստել, որը ուղարկել են Սերժ Սարգսյանին:
Նամակում հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ Հայաստանի առաջնության հանդիպումների մուտքը անվճար է եղել.«Մինչ այժմ երկրի առաջնության հանդիպումների համար տոմսերի այսպիսի գներ չեն նշանակվել,թվում էր թե հակառակը՝ ՀՖՖ-ն պետք է նպաստի ,որպեսզի «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում հավաքվի, ինչքան հնարավոր է շատ հանդիսատես, բայց ինչպես տեսնում եք նրանց Հայաստանի հանրապետության հասարակ մարդկանց շահերը չեն հետաքրքրում»:
Ֆուտբոլասերները իրենց վրդովվմունքն են արտահայտել, որ ֆուտբոլասերների իրավունքները վերջին օրերի ընթացքում ոտնահարվում են 2-րդ անգամ.
«Հայաստանի առաջնության վերջին տուրի պատասխանատու հանդիպումից մեկ օր առաջ, «Փյունիկը» որոշեց մուտքը իր տնային մարզադաշտ սահմանել վճարովի` նախօրոք չ զգուշացնելով հասարակ երկրպագուներին, արդյունքում ընդամենը 35 տոմս բաժին հասավ «Արարատին»: Մնացած տոմսերը «Փյունիկի» ղեկավարությունը բաժանեց իր երկրպագուներին եւ ոչ մի տոմս չհանվեց ազատ վաճառքի,այսպիսով ֆուտբոլի հասարակ երկրպագուները նոյեմբերի 15-ին գալով «Փյունիկի» տնային ասպարեզ՝ ստիպված էին հայտնվել փակ դարպասների առջեւ»:
ՀՖՖ-ի պատասխանը
ՀՀՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի «Ա1+»-ի հրապարակմանը ի պատասխան հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Ինչպես հայտնի է, ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության բոլոր կոմերցիոն իրավունքները պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: ՀՖՖ-ն իր հերթին իրականացնում է կենտրոնացված մարքետինգային քաղաքականություն եւ այս տարի առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում կարողացել է միջոցներ ձեռք բերել վերոնշյալ քաղաքականությունը կիրառելիս: Տվյալ միջոցները նախապես հավասարաչափ բաշխվել են ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության մասնակից բոլոր ակումբների միջեւ դեռեւս առաջնության սկզբում, մինչդեռ անգամ միջոցների վճարման գրաֆիկը սահմանված էր հետեւյալ կերպ` համաչափ վճարում մինչեւ տարեվերջ. այն է` միջոցները տրամադրվել են ակումբներին այն պարագայում, երբ ՀՖՖ-ն ձեռք չի բերել դրանք մինչ այժմ:
Ինչ վերաբերում է լրացուցիչ խաղին, ապա, ինչպես գիտեք, այս հանդիպումը բացառիկ է, եւ տարբերվում է ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության մյուս բոլոր հանդիպումներից նրանով, որ խաղի կազմակերպիչը ՀՖՖ-ն է ու բնականաբար, ՀՖՖ-ն էլ հոգում է խաղի կազմակերպման հետ կապված բոլոր ծախսերը:
Այս` վերոնշյալ կենտրոնացված մարքետինգային քաղաքականության նպատակներից ելնելով (ստեղծել միջոցներ ակումբներին բաշխելու նպատակով), եւ ինչու չէ, նաեւ հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների խնդրանքը` ավելացնել ակումբների եկամուտները, ՀՖՖ-ն որոշեց տոմսեր սահմանել` 2008 թվականի ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության «Փյունիկ» - «Արարատ» լրացուցիչ խաղին մարզադաշտ մուտք գործելու համար, որոնց գինն է 3-ից 10 հազար դրամ»: