ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՇՈՒՇԱԿԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկան» բանակցություններ է վարում խորվաթ հայտնի մասնագետ Իվո Շուշակի հետ: Ֆուտբոլային ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ բանակցությունները մոտենում են ավարտին եւ առաջիկա օրերին կողմերը կգան ընդհանուր հայտարարի:
Իվո Շուշակը հայտնի ֆուտբոլային մարզիչ է: Ժամանակին նա աշխատել է որպես Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միաժամանակ գլխավորել է նաեւ Թբիլիսիի «Դինամոն»: Շուշակը աշխատել է նաեւ մի շարք խորվաթական եւ սլովենական թիմերում, գլխավորել Խորվաթիայի երիտասարդական հավաքականը:
Վերջին տարիների ընթացքում «Միկայում» բազմաթիվ մասնագետներ են աշխատել, որոնք բավական հաճախ են պաշտոնանկ արվել: 2008թ. մրցաշրջանը «Միկան» սկսվեց Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ, սակայն ամռանը Անդրեասյանը հեռացավ թիմից եւ նրա փոխարեն մի քանի ամիս աշխատեց Իշտվան Սեկեչը, որին առաջնության վերջնամասում փոխարինեց Սուրեն Բարսեղյանը: Վերջինիս գլխավորությամբ «Միկան» առաջնությունում հանգրվանեց 4-րդ տեղում: «Միկան» մտադիր է նաեւ ուժեղացնել իր կազմը:
Մասնավորապես ակումբը հետաքրքրված է Բելառուսում հանդես եկող հայ լեգեոներներ Աղվան Մկրտչյանի, Ալեքսանդր Թադեւոսյանի եւ Արա Հակոբյանի ծառայություններով:
«Միկայում» կարող է հայտնվել նաեւ Կոտ դԻվուարի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Բոտի Դեմելեն, որը հանդես գալով պորտուգալական «Բենֆիկայի» երկրորդ կազմում` 19 գոլ է խփել 23 հանդիպումներում: