Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՆՁՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԱՆՔ ՉՈՒՆԵՄ»

Սպորտ

«Եթե պարոն Սուքիասյանի մինչ այժմ չի հասկացել, թե ինչու է հեռացվել տեխնիկական գոտուց, ապա ես եւս մեկ անգամ կբացատրեմ, որ ոչ-ոք իրավունք չունի տեխնիկական գոտում, ֆեդերացիայի կողմից նշանակված 4-րդ պաշտոնյայի հետ խոսել ոչ հարգալից տոնով», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մրցավարական բաժնի պետ, ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը:

Մրցավարը սպասարկել էր ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար» (2:0) մրցավեճը, որի ընթացքում կարմիր քարտի էին արժանացել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ նրա օգնականները: Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ այդպես էլ չի հասկացել, ինչու է կարմիր քարտի արժանացել:

«Մարզիչը բառացիորեն 4-րդ պաշտոնային ասել է հետեւյալը. «Արա, դու ով ես, հլը գնա նստի քո տեղը, այստեղ չգաս, չերեւաս»: Այդ իսկ պատճառով Վարուժան Սուքիասյանը հեռացվել է տեխնիկական գոտուց, որի հետո տրիբունաներից բազմաթիվ հայհոյանքներ է ուղղել մեր` մրցավարներիս հասցեին», - նշեց Արարատ Ճաղարյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ «Արարատի» ներկյացուցիչները Արարատ Ճաղարյանի հետ տարաձայնություններ են ունենում հանդիպումների ընթացքում: Մրցավարը գտնում է, որ այդ ամենը կազմակերպված սցենարով է իրականացվում. «Խաղի 50-րդ րոպեին հերթական անգամ «Արարատի» մարզչական շտաբը կազմակերպված կերպով, բուռն արձագանքեց մրցավարներիս կայացրած որոշմանը, երբ դժգոհելու ոչինչ չկար: Ամենայն պատասխանատվության ասում եմ, որ այս ամենի կազմակերպիչը գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն է: Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս ամենը քննարկվեր համապատասխան ձեւով եւ կայացվեր համապատասխան որոշում»:

Արարատ Ճաղարյանը ընդծեց, որ «Արարատ»-«Գանձասար» խաղում իրենց չափազանց կոռեկտ են պահել տանտերերի երկրպագուները. «Սուլոցներ, անհամաձայնության բղավոցներ եղել են եւ դա բնական է, քանի որ սիրելի թիմի համար ցավող երկրպագուները կարող են չհամաձայնվել տարբեր որոշումների հետ: Բայց դա միանգամայն կոռեկտ է եւ հարիր իսկական երկրպագուներին: Այս խաղում երկրպագուները որեւէ անհարիր արարք թույլ չեն տվել»:

ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավարը հարկ եղած դեպքում պատրաստ է նաեւ երկոսություն սկսել Վարուժան Սուքիասյանի հետ. «Ես որեւէ մեկի նկատմամբ անձնական թշնամանք չունեմ, չեմ էլ ցանկանում ունենալ: Ունեմ շատ մեծ բարեկամ. դա ֆուտբոլն է: Պատրաստ եմ ցանկացած երկխոսության, որը կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Մարզիչները, ֆուտբոլիստները եւ մրցավարները պետք է լինեն ֆուտբոլի զարգացման լոկոմոտիվում»: