Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Սպորտ

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ հայ փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Մրցաշարին մասնակցելու հրավեր էին ստացել 16 գրոսմայստերներ, որոնք միմյանց հետ հանդիպումներում որոշեցին չեմպիոնին: Շատերի համար անսպասելիորեն չեմպիոնի կոչումը նվաճեց Կուբայի ներկայացուցիչ Պերես Դոմինգեսը, որը անցկացրած 15 պարտիաներում վաստակեց 11.5 միավոր եւ գրավեց առաջին հորիզոնականը: 11 միավորով 2-րդ հորիզոնականում հայտնվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը: Լավագույն եռյակը10 միավորով եզրափակեց ռուս Պյոտր Սվիդլերը:

Ռաֆայել Վահանյանը վաստակեց ընդամենը 5.5 միավոր եւ գրավեց 13-րդ հորիզոնականը: Հայ գրոսմայստերը 4 հաղթանակ տոնեց` պարտության մատնելով ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին, ռուս Սերգեյ Ռուբլեւսկուն, հնդիկ Կիրշնան Սասիկիրանին եւ եգիպտացի Բասիմ Ամինին: Եւս 3 պարտիաներում Վահանյանը կեսական միավոր վաստակեց, իսկ մնացած 8 պարտիաներում պարտվեց:

ՉԵՄՊԻՈՆԸ ԱՄՆ-ԻՑ

Գերմանիայում ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը: 9 միավորով աշխարհի չեմպիոն դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լարի Կաուֆմանը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդուարդ Մնացականյանը 11 տուրերում ընդամենը 6 միավոր վաստակեց եւ 301 «պապիկների» շարքում զբաղեցրեց 91-րդ հորիզոնականը:

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովիսյանը 2009թ. հունվարին կմասնակցեն Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք ավանդական սուպերմրցաշարին: «Կորուս-2009» մրցաշարը կկայանա հունվարի 16-ից փետրվարի 1-ը: Հայ շախմատիստների մրցակիցները կլինեն Մորոզեւիչը (Ռուսաստան), Իվանչուկը, Կարյակինը (2-ն էլ` Ուկրաինա), Կառլսենը (Նորվեգիա), Ռաջաբովը (Ադրբեջան), Վանգ Յուն (Չինաստան), Ադամսը (Անգլիա), Կամսկին (ԱՄՆ), Դոմինգեսը (Կուբա), Վան Վելին, Ստելվագենը եւ Սմիթսը (3-ն էլ Հոլանդիա):