ՄԻԱՅՆ 89-ՐԴ ՐՈՊԵԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլիստների համար հանգստյան օրերին կայացած եվրոպական հանդիպումները այնքան էլ հաջող չէին: Եթե նախորդ շաբաթ մեր լեգեոներներից շատերը գոլերի հեղինակներ էին դարձել, ապա այս անգամ ոչ մի հայ ֆուտբոլիստ արդյունավետ խաղով աչքի չի ընկել:
Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Ռոման Բերեզովսկու «Խիմկին», 1:1 հաշվով ավարտելով «Տոմի» հետ մրցավեճը, գործնականում ապահովեց իր տեղը ուժեղագույնների պայքարում: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Խիմկին» 24 միավորով ամրապնդվել է 14-րդ տեղում եւ 4 միավորով առաջ է անցել 15-րդ տեղում ընթացող «Լուչ Էներգիայից»:
Հայաստանի հավաքականի դարպասապահը 28-րդ տուրի մրցավեճում լավագույններից մեկն էր «Խիմկիի» կազմում: Փոխարինողների մրցաշարում Հովհաննես Գոհարյանի «Լոկոմոտիվը» 0:1 հաշվով զիջեց «Սպարտակին»: Վերջինիս կազմում հաղթական գնդակը խփեց Արթուր Մալոյանը, որը սակայն Ռուսաստանի քաղաքացի է եւ Հայաստանի երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավերից մի քանի անգամ հրաժարվել է:
Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Զապորոժյեի «Մետալուրգի» նկատմամբ: Արարատ Առաքելյանը, որը ինչպես եւ Սամվել Մելքոնյանը վերջին 9 ամիսներին հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», փոխարինման է դուրս եկել միայն 89-րդ րոպեին, երբ արդեն հանդիպման ելքը վճռված էր: Իսկ ահա Սամվել Մելքոնյանը նույնիսկ հայտավորված չի եղել մրցավեճին: Մելքոնյանը մասնակցել է միայն «Մետալուրգի» երիտասարդական թիմի մրցավեճին: Ավարտվեց Շվեդիայի առաջնությունը: Վերջին 30-րդ տուրում Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍ-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց ԱԻԿ-ին եւ 38 միավորով 16 թիմերի պայքարում հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպանը վերջին երեք հանդիպումներին վնասվածքի պատճառով չմասնակցեց: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Պաչաջյանը կշարունակի իր ելույթները ԳԱԻՍ-ում, թե ոչ:
Դանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռանդերսը», որին պատկանում է Հայաստանի հավաքականի առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումանյանի տրանսֆերը, 3:2 հաշվով առավելության հասավ «Նորդսելանդի» նկատմամբ: Արզումանյանը կրկին բացակայում էր իր թիմի մեկնարկային կազմից:
Ռումինիայի առաջնության 14-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Տիմիշոարան» 0:3 հաշվով զիջեց առաջատար «Դինամոյին» (Բուխարեստ): Ըստ ռումինական ԶԼՄ-ների` անհաջող են հանդես եկել «Տիմիշոարայի» բոլոր խաղացողները բացառությամբ Արտավազդ Քարամյանի, որը ինչպես միշտ եղել է մեկնարկային կազմում: Արման Քարամյանը երկրորդ կեսում է դուրս է եկել փոխարինման: «Տիմիշոարան» 24 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: