ԱԲՐԱՀԱՄԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինIBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 8-րդ անգամ հաջողությամբ պահպանեց չեմպիոնական գոտին: Այս անգամ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը առավելության հասավ մեքսիկացի Ռաուլ Մարկեսի նկատմամբ:
Մրցամարտից առաջ էլ բացահայտ ֆավորիտ էր համարվում Աբրահամը, որը առաջին ռաունդներում մեծ առավելություն ուներ եւ ստիպեց մրցակցին 6-րդ ռաունդում հանձնվել: Ստացած ուժեղ հարվածներից հետո մեքսիկացի մարզիկը 6-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մրցամարտը: Մարկեսի որոշումը անսպասելի էր Արթուրի համար. «Նա լավ բռնցքամարտիկ է, բայց ես էլ վատը չեմ: Ես չհասկացա, թե ինչու նա նման որոշում կայացրեց: Շատ շուտ հանձնվեց: 6-րդ ռաունդից հետո ես մտադիր էի ավելացնել, բայց, ցավոք սրտի նա թույլ չտվեց դա անել: Մարկեսը հիասթափեցրեց հանդիսականներին»:
Իսկ Մարկեսը հայտարարել է, որ ստիպված էր հրաժարվել մրցամարտից. «Նա շատ արագ էր, իսկ նրա հարվածները դիպուկ: Առաջացավ մի իրավիճակ, երբ ես չէի կարող շարունակել մրցամարտը: Ես տեսա, որ պարտվում եմ: Նա ուժեղ չեմպիոն է, եւ ես ոչինչ չկարողացա անել: Հրաժարվեցի հետագա պայքարից` մտածելով իմ ապագայի մասին: Ես ունեմ ընտանիք, երեխաներ»: