Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրում առաջատարները հերթական հաղթանակները տոնեցին: Վերջին 28-րդ տուրից առաջ չեմպիոն դառնալու հնարավորություններ ունեն «Փյունիկը» եւ «Արարատը»: Նախորդ 7 տարիներին «Փյունիկը» չեմպիոնի կոչումը նվաճել էր նախքան վերջին տուրը:

27-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր ետնապահ «Կիլիկիային»: Այս խաղում առաջատարը խնդիրներ չունեցավ` հաղթելով 3:1 հաշվով: Առաջին կեսում Էդգար Մալաքյանի 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Սարգիս Հովսեփյանը: 2-րդ կեսում «Փյունիկի» հաջողությունը ամրապնդեցին Գեւորգ Ղազարյանը եւ Ալբերտ Թադեւոսյանը, որոնք ընթացիկ առաջնությունում արդեն 8-ական գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը:

«Կիլիկիան» մրցավարի ավելացրած ժամանակահատվածում վաստակած 11 մետրանոցի շնորհիվ «թրջեց» հաշիվը:

«Արարատին» անհամեմատ լուրջ փորձություն էր սպասվում այս տուրում: Սուքիասյանի սաները Աբովյանում հյուրընկալել էին վերելքի մեջ գտնվող Կապանի «Գանձասարին»: Խաղը անցավ բավական լարված մթոնոլորտում եւ «Արարատը» հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը այս խաղում խաղադաշտից հեռացրեց «Արարատի» ողջ մարզչական շտաբին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ:

3-րդ տեղում գտնվող «Գանձասարը» այս պարտությունից հետո չնահանջեց, քանի որ 4-րդ տեղում ընթացող «Միկան» 0:1 հաշվով զիջեց «Ուլիսին»: Իսկ «Բանանցը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը:

Այսպիսով` վերջին տուրից առաջ առաջնության վերջին հորիզոնականներում բավական խճճված իրադրություն է: «Փյունիկը» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 56 միավորով 2-րդ տեղում է: 28-րդ տուրում այս թիմերը մրցելու են միմյանց հետ եւ հաղթանակի դեպքում «Արարատը» կհավասարվի առաջատարին: Եթե առաջնության ավարտից հետո չեմպիոնության համար պայքարող թիմերը հավասար միավոր են ունենաում, ապա նշանակվում է լրացուցիչ` «ոսկե» հանդիպում: