«ՄՐՑԱՎԱՐԸ ՀԱՅՀՈՅԵՑ, ԵՍ ՄԻՋԱՄՏԵՑԻ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջնության 27-րդ տուրի «Արարատ»-«Գանձասար» (2:0) հանդիպումից հետո «Արարատը» որոշել է բողոքարկել` հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի ցույց տված կարմիր քարտերի համար: Մրցավարը խաղի ընթացքում հեռացրել էր «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին եւ նրա օգնականներին:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ես արժանացա կարմիր քարտի, դա, իրոք, հանելուկ է ինձ համար, - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարուժան Սուքիասյանը ու շարունակեց. - Ճաղարյանը արձագանքելով տրիբունաներին` հայհոյանքով պատասխանեց: Այդ պահին ես նրան ասացի, որ չհայհոյի: Նա այդ պահին ասաց, որ իր արարքի համար, ինքը կպատասխանի, իսկ ինձ կարմիր քարտի արժանացրեց: Ինչ վերաբերվում է օգնականների հեռացմանը, ապա այստեղ արդեն ես կարող եմ հասկանալ Ճաղարյանին, քանի որ մեր մարզչական շտաբից երբեմն միջամտում էին նրա գործողություններին: Երբ միջամտում են մրցավարի գործողություններին կարմիր քարտ կարող են ստանալ, բայց թե ինչու ինձ հեռացրեց այդպես էլ չեմ հասկանում»:
Խոսելով բուն հանդիպման մասին` Վարուժան Սուքիասյանը ասաց. «Առաջին կեսում մենք առավելություն ունեինք, որը վերածեցինք գոլի: 2-րդ կեսի սկզբնամասում եւս առավելությունը մեր կողմն էր, իսկ հետագայում կարող էր հաջողության հասնել «Գանձասարը»: Խաղավերջում Ռենատոն անհատական անցումից հետո խփեց 2-րդ գնդակը` վճռելով հանդիպման ելքը»:
Այժմ «Արարատը» նախապատրաստվում է վերջին տուրում «Փյունիկի» հետ կայանալիք հանդիպմանը, որտեղ հաջողության հասնելու դեպքում կհավասարվի առաջատարին. «Մենք գնում ենք դեպի չեմպիոնության: Դա կլինի տարվա հանդիպումը»: