Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9 ԹԻՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի 2008-2009 թթ. առաջնությանը կմասնակցնեն 9 թիմեր, որոնք մրցելու են 2 շրջանով: Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 9-ին: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել «Պոլիտեխնիկ», «Թալ-Գրիգ», «Եվրոպա», «Էրեբունի», «Ռեմա», «Ավան», «Արսենալ-Նոր Նորք», «Հրազդան», եւ «Գյումրի» թիմերը:

Առաջնության ֆավորիտներ են համարվում «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին», որոնց միջեւ էլ կայացավ 2008թ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: «Թալ Գրիգը» համալրված է երիտասարդ խաղացողներով, որոնց մեծ մասը Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ են: Իսկ «Էրեբունիում» հանդես են գալիս նախկինում մեծ ֆուտբոլ խաղացած մի շարք հայտնի ֆուտբոլիստներ:

Առաջիկա առաջնությունը ենթադրվում է, որ որակապես կտարբերվի նախորդներից, քանի որ ի հայտ են եկել նոր, բարձրակարգ մարզադահլիճներ: Մասնավորապես «Թալ Գրիգը» մրցակիցներին հյուրընկալելու է «Միկայի» մարզաբազայում գտնվող նորակառույց դահլիճում, որի հատակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Արսենալ-Նոր Նորքը» ելույթ է ունենալու ՋԵԿ-ի մարզադահլիճում, որը վերջին տարիներին մարզաձեւի լավագույն դահլիճներից մեկն է: Իսկ «Ռեման», «Եվրոպան», «Ավան» եւ «Էրեբունի» թիմերը հանդես կգան ՄԹՀ-ում, որը շատերին հայտնի է որպես «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում գտնվող «Կիլիկիա» մարզադահլիճ:

Նոյեմբերի 9-ին կայանալիք առաջին տուրում կհանդիպեն հետեւյալ զույգերը` «Պոլիտեխնիկ»-«Ավան», «Էրեբունի»-«Թալ-Գրիգ», «Եվրոպա»-«Ռեմա», «Հրազդան»-«Գյումրի»: