Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱՐԹՈՒՐԻՆ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները համոզված են, որ վաղը` նոյեմբերի 8-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում կհաղթի մեքսիկացի Ռաուլ Մարկեսին:

Արթուրը IBF-ի վարկածով գործող չեմպիոն է եւ վաղը 8-րդ անգամ փորձելու է պահպանել չեմպիոնական գոտին` մրցելով 37-ամյա Մարկեսի հետ:

Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան եւ հանդես է գալիս միջին թեթեւ քաշային կարգում, պրոֆեսիոնալ ռինգում երբեք պարտություն չի կրել, ինը խոսուն փաստ է: Պատահական չէ, որ բուքմեյքերները Արթուր Աբրահամի հաղթանակի համար սահմանել են ընդամենը 1.10 գործակից: Մինչդեռ Արթուրի մրցակցի` Մարկեսի հաղթանակի գործակիցը կազմել է 5.00: Բուքմեյքերները գտնում են, որ այս խաղում ամենաանհավանական ելքը ոչ-ոքին է, որի համար սահմանվել է 22.00 գործակից:

Հանդիպումը կայանալու է Գերմանիայի Բամբերգ քաղաքի «Ժոկ Արենայում» եւ սկսվելու է Երեւանի ժամանակով 23:00-ին:

Ի դեպ, հայ-մեքսիական դիմակայությունը պրոֆեսիոնալ ռինգում սկսվել է նախորդ շաբաթ, երբ Ավստրալիան ներկայացնող Վախթանգ Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Քրիստիան Միխարեսին` դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն առաջին թեթեւ քաշային կարգում: Դարչինյանը հայտարարել է, որ պատրաստ է ռեւանշ մրցամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Վերջինս նախորդ տարի հաղթել էր Դարչինյանին: Վախթանգի համար դա կարիերայում կրած միակ պարտությունն էր: Դոները հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել հայ բռցնքամարտիկին. «Ես կհանդիպեմ ցանկացած մրցակցի հետ, ցանկացած վայրում»: Իսկ Դարչինյանը ավելի վստահ հայտարարությամբ է հանդես եկել. «Ես կոչնչացնեմ Դոներին: Դա ավելի հեշտ կլինի քան Միխարեսին հաղթելը»: