ՖԻՆԱՆՍՆԵՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԹայլանդում կայացած ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ` 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանի եւ 100կգ Գոռ Խոռոտյանի անհաջող ելույթները հստակ պատճառ ունեն:
«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը ասաց. «Մենք չենք կարողացել պատշաճ կերպով նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Սեպտեմբերին կայացած Եվրոպայի առաջնության ավարտից հետո չէր կազմակերպվել որեւէ ուսումնամարզական հավաք: Ցանկություն կար, որ 2 հավաք անցկացնեինք, որոնցից առաջինը` թեթեւ, իսկ 2-րդը` ավելի ծանրաբեռնված, բայց դա տեղի չունեցավ»:
Հավաքներ, ըստ Տիգրան Բաբայանի, չեն կազմակերպվել ֆինանսների պատճառով. «Եթե ձյուդոյի ֆեդերացիան ունենար ֆինանսական միջոցներ, ապա հավաքներ, բնականաբար, կկազմակերպվեին, սակայն միջոցներ չկային, ուստի չկարողացանք ուսումնամարզական հավաք կազմակերպվել: Փաստորեն մեր մարզիկները գրեթե չէին պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ արդյունքը եղավ այն, որ առաջին իսկ փուլից դուրս մնացին առաջնությունից»:
Ֆինանսների բացակայությունը պայմանավորված է եղել նաեւ նրանով, որ պետության կողմից հատկացված միջոցների մեծ մասը հատկացվել էին մեծհասակ ձյուդոիստներին, որոնցից 2-ը օգոստոսին մասնակեցին օլիմպիական խաղերին:
Տիգրան Բաբայանը նշեց նաեւ, որ աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում նորամուծություն է կիրառվել. «Այս առաջնությունում եթե առաջին փուլում պարտվում էր մարզիկը, ապա անմիջապես դուրս էր մնում պայքարից: Նույնիսկ եթե այն մարզիկը, որին նա պարտվել էր, հասներ եզրափակիչ, միեւնույն է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն չէր տրվում: Բրոնզե մեդալների համար կարող էին պայքարել միայն առնվազն մինչեւ քառորդ եզրափակիչ հասած ձյուդոիստները: Հավանական է, որ հետագայում խոշոր մրցաշարերը անցկացվեն այս մրցակարգով»: