ՄԵԴԱԼՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՉԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎիետնամում շարունակում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ քիչ առաջ ավարտվեցին 8-րդ տուրի հանդիպումները: Տուրը Հայաստանի ներկայացուցիչների համար հաջող էր: Մեր 15 մասնակիցներից 9 հաղթանակներ տոնեցին:
18 տարեկանների պայքարում հերթական միավորը վաստակեց Սամվել Տեր-Սահակյանը, որն այսօր առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցիչ Ասլան Այտբաեւի նկատմամբ` միավորների քանակը հասցրեց 6-ի: Տեր-Սահակյանը այս ցուցանիշով 4-րդ տեղում է ընթանում, սակայն նույնքան միավոր է վաստակել, որքան 2-3-րդ տեղերում ընթացող շախմատիստները, իսկ մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է վիետնամցի Սոն Նյուգենը:
6 միավոր է վաստակել նաեւ 10 տարեկանների պայքարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը, որը ընթանում է 9-րդ հորիզոնականում: 8 տարեկանների պայքարում հանդես եկող Արմենակ Նազարյանը վերջին 2 տուրերում տոնած հաղթանակներից հետո այժմ 5 միավորով 21-րդ տեղում է: Նույնքան միավոր է վաստակել նաեւ 14 տարեկանների պայքարում հանդես եկող Կարեն Գրիգորյանը:
Աղջիկների պայքարում լավագույն ցուցանիշը ունի 16 տարեկանների պայքարում հանդես եկող Զոզան Շաքրյանը, որը 5.5 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: