Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրում ամենագոլառատը «Բանանց» - «Արարատ» մրցավեճն էր, որը ավարտվեց 2:2 հաշվով: Չեմպիոնության համար պայքարող «Արարատ» հանդիպման վերջին րոպեին գնդակ ընդունելով սեփական դարպասը` շատ կարեւոր 2 միավոր կորցրեց:

«Արարատի» մարզչական շտաբը եւ խաղացողները բավական ընկճված էին հանդիպման ելքից: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օգնական Գեւորգ Քամալյանը գտնում է, որ հանդիպման ելքի վրա ազդեց մրցավարական բրիգադը. «2-դ կեսում գոլը խփելուց հետո մենք մրցակցին տեղաշարժվելու հնարավորությունից զրկեցինք եւ ամեն ինչ նորմալ էր ընթանում: Ուղղակի մրցավարի անհարկի միջամտություններն ազդեցին խաղի վրա: Գոլը ընդունեցինք դարպասապահի սխալից, քանի որ 30 մետրից իրավունք չուներ բաց թողնել գնդակը: Անձամբ ես մրցավարի գործողություններից շատ դժգոհ եմ: Օրինակ, գնդակը կպնում է մրցակցի խաղացողի գլխին դուրս է գալիս, մրցավարը անկյունային է ցույց տալիս»: Քամալյանը նշեց նաեւ, որ «Արարատը» շարունակելու է չեմպիոնության համար պայքարը.«Մենք արդեն 3 միավորով ենք զիջում «Փյունիկին», բայց դեռ ոչինչ կորած չէ եւ մենք շարունակելու ենք պայքարը, քանի որ մեր միակ նպատակը չեմպիոն դառնալն է»:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով` հանդիպման ելքը արդարացի էր. «Կարող էինք մենք հաղթել, կարող էինք նաեւ պարտվել, քանի որ 2 կողմերն էլ գոլային պահեր ունեցան: Խաղը ստացվեց եւ դրա ապացույցը եղած գեղեցիկ գրոհները եւ հակագրոհներն են: Հանդիպման վերջին րոպեներին բավական էմոցիոնալ կերպով էի հետեւում խաղին, քանի որ մեծ էր ցանկությունը, որի իմ գլխավորությամբ 2-րդ խաղում գոնե հաղթեինք»:

«Բանանցը» գործնականում զրկվեց 3-րդ տեղում հայտնվելու հնարավորությունից. «Ես տղաներին ասել եմ, որ եթե նույնիսկ մեկ տոկոս հավանականություն կա մրցանակային տեղ գրավելու, ապա պետք է պայքարենք այդ հնարավորության համար: Ես գտնում եմ, որ ամենաչնչին հնարավորության դեպքում էլ պետք է դուրս գանք խաղադաշտ` ավելի բարձր տեղում հայտնվելու համար»:

Իսկ առաջին հորիզոնականում ամրապնդվեց չեմպիոն «Փյունիկը», որը Գյումրիում մեծ դժվարությամբ 2:1 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ: «Սպասում էի, որ ծանր հանդիպում է լինելու: Անկախ նրանից, թե ինչ վիճակում է «Շիրակը», նա սեփական հարկի տակ պայքարում է եւ հատկապես «Փյունիկի» հետ հանդիպումներում»- ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Վերջինս ընդծեց, որ առաջին րոպեին գոլ ընդունելով չեմպիոնը հայտնվեց ծանր կացության մեջ.«Մարզադաշտի խոտածածկը լավ վիճակում չէր եւ «Փյունիկը» խաղալով արագ փոխանցումներով դժվարանում էր նման պայմաններում ցույց տալ իր կարողությունները: Ստիպված էինք 2-րդ կեսում որոշ փոփոխություններ կատարել մեր խաղում եւ ավելի շատ օգտագործել եզրերը, ինչը տվեց իր արդյունքը եւ կարողացանք հասնել ցանկալի արդյունքի»:

Մինասյանը նշեց, որ իր համար կարեւոր չէ, թե այժմ «Փյունիկը» քանի միավորով է առաջ անցել «Արարատից». «Ես չեմ նայում մրցաշարային աղյուսակին, եւ յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալիս հաղթանակի համար: Թե որքանով ենք առաջ մեր հիմնական մրցակիցներից, դա էական չէ, քանի որ առաջնության ավարտին դեռ 4 տուր կա: Մենք կշարունակենք նախապատրաստվել «Միկայի» հետ առաջիկա տուրում կայանալիք մրցավեճին, քանի որ դարձյալ ծանր հանդիպում է սպասվում»: